Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ միջոց մը խոսեցանք այլևայլ շահեկան այժմեություններու վրա: Կիները ճարտար. իմաստուն և խոհեմ էին և իրենց արտահայտելու ձևը մեծապես գրավիչ էր:

Նույն միջոցին անդրադարձանք, որ անկյունը նոր հարս մը կեցած էր. թանձր կարմիր քող մը կծածկեր զինքը բոլորովին. անխոս և անշարժ՝ հեռվանց առարկայի մը տպավորությունը կըներ: Մոտիկցանք իրեն և քողին մեկ անկյունը վերցուցինք: Նոր հարսին այտերն ու ճակատը կարմրեցան խպնոտութենեն, բայց հետաքրքրությունն ավելի զորավոր ըլլալով, իր սև, գրեթե մանկունակ աչքերը բարձրացուց գաղտագողի մեր վրա ու երկայն թարթիչներուն վարեն զգուշությամբ ժպտեցավ.

- Բավական է, բավական է, - կաղերսեին մեր շուրջը տարեց կիներ, անհանգիստ՝ այս նորութենեն:

Ուրիշ որևէ առթիվ, բարբարոս և անհարկի պիտի գտնեինք այս հմամենի սովորությունը. բայց երբ քողը մեղմիվ ծածկեցի դարձյալ, ինծի թվեցավ, որ անիկա նվիրական հանգամանք մը ուներ և հուզված՝ հնազանդեցանք Ղարս-բազարցի պառավներուն:

Այդ միջոցին գրեթե անկարելի էր չմաղթել.

- Քողդ ծածկված մնա, նոր հա՛րս, մինչև որ փեսադ ու սկեսուրդ չարձակեն քեզի:

Այս անսովոր, վրդովեցուցիչ մտածումներով տարուբերված ատեն՝ պատին վրա կախված նշմարեցի զույգ մը հրացաններ… որսի զենքեր էին, բայց հարձակումի օրերուն գործածվեր էին: Ի՞նչ ջերմեռանդությամբ ի՞նչ գուրգուրանքով կնոջ աչքերը կդառնային այդ գործիքներուն… կողոպտված և հրդեհված ընտանիքի մը միակ ինչքն էր ան: Պատմեցին, թե ինչպես շրջակա և մերձավոր ագարակե մը, տան երիտասարդ մեկ անդամը, միայն այդ զենքերուն շնորհիվ հաջողեր էր իր ծերունի ծնողքը, կինը և զավակներն առաջնորդել դեպի Ղարս-Բազար ու ապաստանիլ դպրոցին մեջ: Հետո, դիմադրության բոլոր ժամանակին, այդ որսի զենքերը գործեր էին անընդհատ:

- Օրհնյալ է կամքն Աստծո,-կմրմնջեր պառավ մը քովս ի վեր,- մեր ընտանիքները սուրբ մնացի՜ն… սո՜ւրբ, սո՜ւրբ...… դուշմանը չկոխեց մեր շեմին վրա: