Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հոգ չէ՛, բյուրապատիկ անգամներ Քրիստոսի արյունը թափեցավ մեր ամենմեկ չարչարված նահատակին արյունով… Աստված լուսավորե իրենց գերեզմանները և անթաղ մեռելներուն հոգիները խաղաղեցնե:

Մութն արդեն տարածված էր ամեն կողմ, երբ մեկնեցանք դպրոցեն՝ մեզ հյուրընկալող տունը երթալու համար: Մեզի հետևող թափորը նվազ ստվար էր, բայց դարձյալ հանդիսավոր և տխուր երևույթ մը կուտար մեզի…: Դիպվածով մեր դեմ ելլող թուրքերը կկենային ու երկարորեն կնայեին մեր ետևեն:

Հոս ալ նշմարեցի, որ թուրքերը նվազ տխուր երևույթ չունեին․ կարծես ակամա ամենքն ալ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, հաղորդակից էին զարհուրելի աղետին, որ անցեր էր երկրին վրայեն:

Գիշերային պայծառ երկինքը կնշուլեր իր անհամար աստղերով. թարմ հերկված հողի բուրումնավետ արտաշնչում մը հաճելիորեն կբարձրանար դեպի մեզ. գեղջկական պարզ ընթրիքեն հետո նստած պատշգամբին վրա մտիկ կընեինք տեղացիները․ կիներն ու տղաքը քաշված էին և մեր դիմացը, շուրջանակի, ծալլապատիկ նստած էին ամեն տարիքե և աստիճանե գյուղացիներ․ մեր հարցումներուն կպատասխանեին չափավորությունով և լրջությունով: Դիտեցինք, որ մեծ անաչառություն կար իրենց դատոդություններուն մեջ, և եթե անոնք նույնիսկ պահ մը չէին մտածած խոնարհիլ թշնամիին առաջք, մյուս կողմանե՝ ատելություն ալ չկար իրենց բացատրություններուն մեջ այն դրացի և խաղաղակյաց թուրքերուն համար, որոնք թշնամիին ցեղեն էին. նույնիսկ երախտագիտությամբ կհիշատակեին բոլոր այն դրվագները, որոնցմով կապացուցանեին, թե իրենց դրացի իսլամներեն շատեր վեհանձնությամբ և կյանքերնին վտանգի դնելով պաշտպանել էին զիրենք.

- Մեր դուշմանը՝ իրենց ալ դուշմանն է. օր պիտի գա, որ ամենքն ալ պիտի հասկնան…:

Մեզի պատմեցին Մյուֆետ գյուղի դեպքը: Ղարսեն հինգ ժամ հեռու էր, երեսուներկու տնվոր․ թշնամին կհարձակի և կայրե եկեղեցին և տասնյոթը տուները․ թեև գյուղացին ինքնապաշտպանություն կընե, բայց գյուղը բացարձակ կործանումե կազատի շնորհիվ Հյուսեին