Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայտերը կզարնվեին համաչափ և արագ հարվածներով:

Երկինքն անամպ և պայծառ կապույտով մը մեզ կշլացներ. արևը կհակեր երկնակամարին վրա ու մեր սայլին շուքը հետզհետե ավելի կերկարեր, երբ մեզ շրջապատող անապատային չորության և ամլության մեջ նշմարեցինք առաջին անգամ մութ կանաչ ծառերու անտառ մը…: Հովանավոր և տարածուն այլևայլ տեսակե բազմերանգ կանաչություն մը ներկայացնող այդ խիտ բուսականության մեջեն անհամար նոճիներ կսլանային… ասդին-անղին կտեսնեինք ճերմակ մինարեներու նրբին սիլուեթները. Օսմանիե հասած էինք:

Ո՞վ կրնար երևակայել, թե այդ հրաշագեղ գեղեցկությունը կծածկեր ահռելի ոճիր մը և ավերակներ: Շնորհալի և ճկուն նոճիները կտատանեին իրիկվան հովին ներքև, որը դեռ մինչև մեզ չէր հասներ, բայց արդեն կուտար զովության և խաղաղության զգայնությունը մեր՝ տաժանելի ճամփորդութենեն պարտասած և հեղձուցիչ տաքենպա պակած մարմիններուն։ Անիկա, առաջին անգամեն, երազի մը պես էր և անհավատալի, կարծես խուսափուկ և անիրական երևույթ մը ըլլար:

Հետզհետե կմոտենայինք:

Օսմանիե լռին էր, իբրև թե անմարդաբնակ ըլլար. թռչուններու ճռվողյունը և հավերու կռկռոցը միայն կլսեինք: Այլևս կմտնայինք ծառերու հովանիին տակ ու կանցնեինք ցանցառ քյոշկերու առաջքեն, որոնք շրջապատված էին ընդարձակ պարտեզներով: Առաջին մարդկային արարածը որ տեսանք՝ թուրք կին մըն էր, պերճորեն բարձր հասակով, որ արագորեն կերթար ճամփան եզերքեն: Իր քայլվածքը, հագուստը, գլուխը բռնելու եղանակը գեղջկական ոչ մեկ բան ունեին: Ընդհակառակը քաղաքացիի և ազնվականի հով մը կար իր վրա, որ մեզ կապշեցներ: Երբ սայլը մոտիկցավ, հետաքրքրված անոր աղմուկեն, կինը կեցավ ու մեզի նայեցավ: Երեսը ծածկող սև գրեթե թափանցիկ շղարշին ներքևեն իր ծնոտին նուրբ գիծն ու աչքերը, որոնք հանկարծ ժպտուն դարձան և բարևեցին մեզ:

Այդ չարիքի և ոճիրի անգիտակցությունը հաճախ պիտի ներկայանար մտքիս պահ մը հետո, երբ Օսմանիեի աղետը հայտնվեր էր մեզ, իր խուժդուժ, անողոք, հրեշային մանրամասնություններով: