Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասակը կդեգերեր քնացոդ այրիներու շարքին մեջ…: Այդ քունը թեթև էր ու խռովված էր մղձավանջներով. ամենուն սիրտերը կվառեին ու մինչև որ մենք ալ քնացանք, լսեցինք մեյ մը մեկ, մեյ մը մյուս կողմեն ընդոստ արթնացողներու կոչերը և կամ քունի մեջ եղողներուն զառանցանքները.

- Յավրո՜ւմ… վա՜խ, վա՜խ, վա՜խ:

Արևածագին արթնցանք ծանր քունե մը ետքը. դարձած էինք արևելքին և արևը խիտ և հարուստ բուսականության մը ետևեն կբարձրանար նազանքով. անիկա մեզ կլուսավորեր առանց շլացնելու և զարմանքով կդիտեինք իր հրաշագեղ բոլորակը: Երկնքին վրա վարդագույն և դեղին ամպի ծվեններ հետզհետե կմարեին և կապտորակ շոգի մը կծածաներ միջոցին մեջ հանկարծական ցոլքերով փայլփլուն, այնպես որ կարծես թե ոսկիի փոշի կմաղվեր մեր վրա: Հարավեն և հյուսիսեն մեր աչքերն առածին չափ կտեսնեինք սև և սլացիկ նոճիները, որոնք մեղմորեն կպատանվեին անզգալի սյուքե մը օրորուն: Կարելի չէր երևակայել ավելի քաղցր և ամոքիչ տեսարան մը: Ծառերու և պուրակներու հաջորդություն մը հետզհետե իրենց հեռավորության աստիճանով կներկայացնեին կապտորակ կանանչի անսահման երանգավորում մը, որը ներդաշնակվելով հորիզոնի գծին վետվետող ընթացքին հետ, երաժշտության մը պես կերգեր կարծես: Լույսը, ջերմ ու կենսավետ ժպիտով և խանդավառությունով կլեցներ մեր աչքերը, և առատորեն օդը, բուրումնավետ և գաղջ, փայփայանքի պես կխաղար մեր մազերուն հետ: Սիրտերնիս կարթննար ուրախութունով և երջանկությունով, երբ հանկարծ հիշեցինք…: Երկինքը պայծառ էր ու արևը կշողշղղար հետզհետե ավելի փառահեղ լույսով և ջերմությունով. բայց մեր մտածումներն էին, որ սև ամպերով ծածկված էին:

- Շո՛ւտ, շո՛ւտ…

Սայլապանը կշտապեր, մինչև ես կխորհեի, թե ինչպե՞ս բնության այս գերագույն գեղեցկության մեջ մարդիկ այնքա՜ն ահավոր ոճրագործներ կդառնան:

Սայլը կսպասեր արդեն ու մենք կպատրաստվեինք մեկնելու. բայց արկածյալներն ամբողջովին մեզ շրջապատեր էին ու թույլ չէին