Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մահվան դատապարտված էին:

Էրզինի բանտարկյալներու խումբին մեջն էր այն երիտասարդը, որ ավելի ուշ կախաղան պիտի բարձրանար, իր ընկերները կկարծեին, թե բան մը չի գիտեր ու մեզի զգուշացուցին այդ մասին խոսիլ իրեն հետ. բայց երբ անիկա մեր դեմ եկավ ու դողահար հուզումով մը նայեցանք իր գրեթե պատանեկան երիտասարդությանը վրա, անիկա ժպտեցավ մարտիրոսի և տեսանողի անսահման ժպիտով մը.

- Ի՞նչ կրնանք ընել քեզի համար,- մրմնջեցի, երբ ուրիշներ զբաղած էին անդին մյուս բանտարկյալներուն հետ:

- Ոչի՛նչ,- պատասխանեց անիկա անվրդով ձայնով.- ինծի համար եղած վճիռն անկարելի է բեկանել տալ, ձեր ուժերը պահեցեք մյուսները փրկելու համար. ավելորդ է ինծի համար ժամանակ կորսնցնել:

Ուրեմն գիտե՜ր… սոսկալի բան: Իր թխահեր գլխուն վրա արևուն ճաճանչները կխայտային, աչքերը լեցուն էին կյանքով ու կրակով: Ձեռքերնիս սեղմեց պինդ շարժումով մը ու գրեթե թեթևաքայլ հեռացավ մյուսներուն հետ:

Այս երիտասարդը սխալմամբ սպաննած էր չերքեզ մը, որ կուգար Հաճն` հայերու ինքնապաշտպանության համար կարգադրություններ ընելու:

Էրզինի բանտարկյալները մեզ իմացուցին, թե Բայասեն հայ աքսորյալներ պիտի փոխադրեին կղզի մը. ասոնք խեղճ վիճակի մեջ էին և նպաստի կարոտ. շատեր իրենց հատկացված դրամական նպաստը մերժած էին այն նպատակով, որ անիկա հատկացվի Բայասի բանտարկյալներուն. որպեսզի հաջողեինք հասնիլ աքսորյալներու մեկնումեն առաջ. պետք էր, որ առանց րոպե մը կորսնցնելու ճամփա ելլեինք:

Ձիերը հոգնած էին ու մեզ կքաշքշեին, քան թե կտանեին: Չորս ժամ ունեինք Տյորթ Յոլ հասնելու ու անկե ալ Բայաս երկու ժամ, ու պետք էր նաև, որ գիշերը Բայասեն դառնայինք Տյորթ Յոլ, որովհետև հոն իջևանելու ոչ մեկ անկարելիություն կար մեզի համար: Մեր ոսկորները գրեթե ջարդված էին հարատև ցնցումներեն ու հոգնածութենեն. հուզումե ալ սպառած էինք, բայց անհամբեր էինք Էրզինի բանտարկյալներուն շնորհած նպաստն անձամբ տանելու Բայասի