Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքն ալ հարկադրված էին քաշքշվիլ այդ ուղղությամբ: Կային նաև առանձին շղթայակապ հայ բանտարկյալներ, որոնք նստած էին թուրք բանտարկյալներու սայլին մեջ այս վերջիններն ազատ բնականաբար որևէ շղթայե:

Այս լիրբ անարդարությունը մեզ ըմբոստացուց, մանավանդ որ զգալով մեր ներկայությունը, մարտիրոսի և զոհի տժգույն դեմքեր կտանեին և իրենց աչքերով մեզի կփնտրեին: Մինչև այնտեղ, որ մեր ճամբարները բաժնվեցան, ամեն ջանք ըրինք մեր անիրավված բանտարկյալներու աչքին տակ ըլլալու և գոնե մեր ներկայությամբ մեր անխոս, բայց շատ զեղուն սրտակցությամբ ամոքելու իրենց տաժանելի ճամփորդությունն ու հոգեկան տրամադրությունները:

Անմիջապես որ հարկադրվեցանք բաժնվիլ բանտարկյալներեն, ինկանք մթին տխրության մը մեջ. մեր պահ մը առաջվան ուշադիր և լարված հսկողության հաջորդեց հոգեկան անհուն խոնջենք մը. սպառած էինք. երկար ատեն սայլը տարավ մեզ, մինչ մեր գիտակցությունը քնած վիճակի մը մեջ կտարտամեր…

- Սպաննեցի՛ն, սպաննեցին ու ազատվողները շղթայի զարկին, դիմադրողները կախեցին… փախի՜նք, փախի՜նք… հոգերդ առնեմ, այս երկրիս արևը սևցած է մեզի համար…:

Երբ մեր սայլը տեսեր էին, Համիդիե գյուղաքաղաքեն մեզ դիմավորելու եկեր էին մեկ քանի այրիներ, որոնք աս խոսքերով ողջունեցին մեր գալուստը:

Դարձյալ ավերակներ… մեր ճամփորդության վերջին հանգրվանն էր Համիդիե ու ճշմարտապես անկարող այլևս տառապելու: Ջղագրգռված դյուրազգացություն մը մեզ կտանջեր, ոչ միայն մեր արցունքները չէինք կրնար զսպել, այլ նաև կհեկեկայինք տղու պես, ու արկածյալները տեսնելով մեր հիվանդագին վիճակը, հանկարծ կլռեին ու կհեռանային:

Դեռ սայլեն չիջած, որոշեցինք չմնալ Համիդիե, և մեկնիլ անմիջապես դեպի Ադանա: Խուլ, անկապ, հեծեծագին աղաղակներ կգոռային մտքիս մեջ ու հանկարծ շրթունքնիս վրա կուգային -փախչի՛նք… հոգերնիդ առնեմ, արևը սևցած է մեզի համար, օգնությո՜ւն, օգնությո՜ւն…

Մեր սայլը կթավալեր այդ րոպեին ավերակ դարձած թաղերու