Էջ:Among the Ruins.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու տղաք առանձնացած կխոսակցեին.

- Հայր ունի՞ս:

-Ո՛չ:

- Մա՞յր:

-Ոչ:

- Ես ալ հայր-մայր չունիմ:

- Սպաննեցի՞ն:

- Այո՛:

- Իմս ալ սպաննեցին:

Երկար, ցավագին լռություն կտիրե ու քիչ հետո.

- Կուզե՞ս, որ եղբայր ըլլանք իրարու:

Ու զիրար կորդեգրեն:

Այդ է խոսակցության ընդհանուր եղանակը 5-են 10 տարեկան հարյուրավոր տղոց: Երբեմն ալ կորսված քույրեր ու եղբայրներ զիրար կգտնեին և իրարու աչքերի մեջ կճանչնային իրենց անցուցած սարսափելի ժամերը ու չէին համարձակեր իրարու մոտենալ, կարծես բաժանված, խողխողված մոր մը կամ հոր մը դիակին սարսափելի հիշատակովը: Որովհետև ամենքն ալ, գրեթե առանց բացառության, կյանքի բնազդական հրայրքեն մղված կուզեն մոռնալ ու թշնամիի պես կնային անոնց վրա, որ իրենց արյունոտ սրտին կիրքերը կբանա, կամ նույնիսկ իր ներկայությամբ այդ ժամուն հիշատակը կարծարծե:

Երբ աոաջին անգամ տեսա այդ հարյուրավոր տժգույն, մռայլադեմ որբերը, հակառակ ըրած գերմարդկային ջանքերուս չկրցա ըմբռնել իրենց դժբախտության ամբողջությունը, մինչև այսօր այդ բանն անկարելի եղած է ինծի համար. մանրամասնություններ կամ մասնակի պատկերներ կերևան մտքիս, բայց երբեք չեմ կարող հաշվել այն անսահմանելի, այն արյունոտ պատմության գումարը, որ յուրաքանչյուր տղու գլուխ կներկայացնե: Երկար ատեն ես չէի կրնար զբաղիլ իրենցմե յուրաքանչյուրով: Շփոթ, տարտամ անսահմանելի եղերերգություն մըն էր, որ այդ դեռ զարմացած դեռ չապրած, դեռ չհասկցած մանկական նայվածքներու ամբողջությունը կարտահայտեր: Այն նախճիրը, այն թափված արյան հոսանքը,