Էջ:Among the Ruins.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգիեն բան մը հաղորդակցության մեջ մտավ ինծի հետ: Մեկեն. իր մթին ու տանջված նայվածքը քողարկվեցավ հանդարտ տխրությունով ու բիբերը շատոնց ի վեր վառած ու մոխիրով ծածկված ածուխի կապտորակ տմույնությունը ստացան: Իր սուր ուսերը բարձրացուց դեպի վեր և հակառակ տոթագին միջօրեին` սկսավ դողալ ամբողջ մարմնով` իր փոքրիկ կզակը կկափկափեր չարագուշակ աղմուկով մը, ու իր նայվածքն իմ հուզված մտածումիս կհետևեր և կարծես ցոլք մը իր բիբերուն մեջ, տխրության քողին ներքևեն կպլպլար ու կելևէջեր համաձայն իմ վրդովմունքիս վետվետումներուն:

Օ՜հ ճղճիմ, ցավատանջ… լքված էակը. ո՞ւր այդ փոքրիկ մարմնո մեջ բուսնած էր ահարկու վիշտը. ինչպե՜ս իր մկանունքները նյարդ առ նյարդ դեռ կթրթռային կրած նախատինքին ըմբոստութենեն…:

Հիմարական ջերմություն մը խուժեց ուղեղիս մեջ:

- Մայրի՜կ… մայրի՜կ…

Ի՞նքն էր, որ արտասանեց այդ գերագույն կոչը, նման մյուս որբերուն, որ հաճախ ցավի կամ կարոտի մեջ իրենց մայրը կփնտրեին, թե ես էի, որ գոչեցի այդ բառերը, չեմ գիտեր: Իմ բազուկներուս մեջ առի զինքը ծունկիս վրա, օրորեցի իր թեթև մարմինը և ջանացի, որ գոնե պահ մը անիկա իմ խելահեղ վշտիս մեջ իրը մոռնա, ինքզինքը մոռնա՜…

Դուրսը որբերու ժխորը կլսվեր. աչքերուս կհանդիպեին թթենիի մը գագաթին ճյուղերը ճերմկոտած տերևներով` շողշողո՜ւն արևին մեջ. բզեզներ ոսկի կայծկլտումներով կանցնեին միջոցին մեջեն ու կենսավետ հևք մը կծածաներ Կիլիկիան ջինջ և կապույտ երկնքին տակ և իմ տենդե վարակված երազներուս մեջ այնպիսի գլխապտույտ պատճառող արագություն մը կզգայի, որ գուրգուրանքով դողդոջուն` հիմարաբար կսեղմեի խեղճ փոքրիկին մարմինը կուրծքիս վրա:

Անկանոն և շտապ սրտի զարկեր կպատասխանեին իմ փայփայանքիս… ուրիշ ոչինչ…: Անիկա աչքերը փակեր էր ու այդ սառած ու տժգույն մարմինը ծունկներուս վրա դիակի մըն անշարժություն ուներ. հարդի գույն ողորկ մազերը, քրտինքե խոնավ, փակած էին ճակատին վրա. ու երբ շրթունքս մոտիկցուցի` զգացի, որ անոնք հուզված էին դեռ այն գազանի շունչովը` որ մոտիկցեր էր այդ տղեկին: