Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանի վիժածներ, տղաք, որ հանկարծ դադրել էին ապրելե, մեծնալե, զարգանալե, բայց մահը մոռցեր էր զիրենք իրենց մորը գիրկին մեջ: Ու պատկերը սարսափելի էր:

Այսպես ծանոթացանք յոթնամյա աղջկան մը, որ կմախքի պես վտիտ պառկած էր մորը ծունկներուն վրա. միայն գլուխն իր ծավալը պահած էր և համեմատությամբ նսեմացած մարմնին՝ արտակարգ կերպով խոշոր կթվեր․ երկու խելացի ու սև աչքեր կբացվեին խոռոչացած կապիճներուն մեջ…

Մայրը կհեծեծեր.

- Ինչ որ ալ ընենք՝ պարապ է՜… պիտի մեռնի, պիտի մեռնի՜…

Վտիտ մարմինն անշարժ կմնար, և այտերուն ցցված ոսկորներուն վրա մկանունքները չէին շարժեր հուզմունքե… Միայն աչքերը կհասկնային այդ չարագուշակ բառերուն իմաստը ու թախծութենե խոնավ, անսահմանելիորեն դժբախտ, այդ աչքերը մեզի կնայեին պաղատելով:

Ուզեցինք լռեցնել մայրը, հույս ներշնչել իրեն, որպեսզի մանկիկն ալ հույսով լցվեր: Բայց մեր բոլոր խրախուսող բառերուն մայրը՝ կպատասխաներ համառությամբ.

- Պիտի մեռնի՜… պիտի մեռնի՜…

Ու աչքերը պահ մը մեր բռնազբոսիկ ժպիտներով դիմակավորված դեմքերուն վրա վարանելե ետքը՝ հուսահատորեն կհավատային մոր խոսքերում:

Այն հիվանդանոցը, որ կգտնվեր Անգլիո հյուպատոսի կնոջը հսկողության ներքև՝ կպատսպարեր նաև քանի մը որբեր, որոնք վիրավորված էին դեպքի օրերուն․ և մինչև հիմա խնամքի ենթարկված: Վրանները երթալե առաջ այցելեցինք այդ հաստատությունը: Հյուպատոսուհին մեզի ընդունեց սիրալիր քաղցրությամբ: Նիհար, պզտիկ կազմվածքով, ծայրահեղորեն պարզ, իր ճերմակ քաթանե գոգնոցին ներքև գրեթե կորսված մարմնով այդ անզուգական անձնվիրությամբ մը տոգորված կինը մեզի երկարորեն պատմեց իր ձեռքեն անցած տղոց պատմությունները:

- Վիրավորվածներուն մեծ մասը հրացանի գնդակներով զարնված էին… մեկ քանի հատներ միայն տանիքներեն նետված կամ ինկած էին