Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հուզումնալի և արկածներով լեցուն կյանք մը ունեցած եմ, ծարավի արտակարգ զգայնություններու՝ մինչև իսկ վազած եմ առյուծի որսորդության` ամուսինիս պաշտոնին բերումով գացած եմ հեռավոր և վայրենի երկիրներ, տեսեր եմ Հնդկաստանի սովերը և համաճարակները… տեսեր եմ ամբողջ մարդկություններ հնձված մեկ հարվածով… կկարծեի, թե այլևս որևէ նոր հուզում անկարելի էր ավելցնել ունեցած զգայնություններուս, այլ սակայն այդ մորն աղաղակն անմոռանալի ձայն մըն է, որ պիտի մնա հիշատակիս մեջ…

Ու անմիջապես գրեթե սթափած իր հուզմունքեն, մեզի դարձավ ժպտուն ու հանդարտ և հրավիրեց սրահներն այցելել: Սանդուղներուն վրա, մղված մեր հետաքրքրութունեն` կշարունակեր խոսիլ: Իրեն կհարցնեի շատ մը մանրամասնություններ… Պատուհանե մը ավերակ քաղաքը կերևար…

- Ամբողջ հորիզոնը շառագունած էր, և բոցերը կբարձրանային քաղաքին ամեն կողմեն, դեպի մեզ կուգային: Ամեն պահուն կկարծեինք, թե պիտի ստիպվինք հեռանալ հյուպատոսարանեն և մեր պատսպարյալներով փողոցը թափվիլ… հրացաններու խլացուցիչ և անդադրում աղմուկին մեջեն մարդկային խառն, շփոթ, տարտամ և ահարկու աղմուկ մը` կարծես մեկ բերանե ելած կհասներ մինչև մեզ…: Մարդիկ ճշմարիտ սատանաներու փոխված էին և անգթորեն գինովցած, կզարնեին, կզարնեին անխնա… Երբեք չպիտի մոռնամ այդ չոր և անգույն դեմքերը, սևցած վառոդեն, ծամածռած արյունի ծարավեն, այդ պրկված և սև բազուկները, այդ շիլ և հատու նայվածքները ոճրագործներուն… մարդիկ մարդ ըլլալն դադրած էին… ճշմարիտ սատանաներ… ա'հ… կհիշեմ այնպիսի բաներ… որոնք անկարելի է մեր օրուն մեջ պատմել…: Այդ օրն էր… մայր մըն իր զավակը գիրկը կփախչեր տանիքե տանիք ու մեր տանը մոտեցած էր…: Իրեն նշան կընեինք, կխրախուսեինք: Երկու հրեշներ, հրացանն ուսներուն, տեսան զինքը: Մանկիկը զարմացած ու զվարճացած պարող բոցերեն, մոր ուսին վրայեն երեսը դարձուցած երկնքին՝ կնայեր կարմրած հորիզոնին: Հրացանները կուղղեին, նշան կառնեին…: Շունչերնիս բռնած կջանանք հասկցնել վտանգը փախստական կնոջը. բայց անիկա չի հասկնա ու կշարունակե տանիքե տանիք