տանջված մանկական ուղեղներով ու ձգտված ջիղերով, գերագրգռված երևակայությունով, բոլոր այդ դժբախտ մանկությունը, որուն յուրաքանչյուրին համար հյուծախտը, հիմարությունը, կուրությունը դարանակալ կսպասեն, բոլոր այդ վիրավորված ու որբացած մանկությունը Կիլիկիո, որ այնքան պետք ունի հարատև խնամքի, հոգածության ու մանավանդ մայրական սիրո և խանդաղատանքի:
Միջոց մը առաջացանք առանց խոսելու, առանձին անցորդներ կդիմավորեին մեզի և կեցած կնայեին մեր խումբին: Որբերուն բոբիկ ոտքերը քսվելով գետնին՝ այնպիսի փոշիի ամպ մը կբարձրցնեին, որ մեզի կծածկեր և հեռվից անտեսանելի կդարձներ: Մենք, գրեթե միշտ փակված այդ մթնոլորտի մեջ և աչքերնիս շլացած արևե, դեդևելով կքայլեինք, նույնիսկ խորհելու անկարող: Նույն պահուն մեզ, առաջնորդող երիտասարդը կեցուց մեզի և ցույց տվավ դիմացի դաշտը, երբ արդեն տարրալուծված դիակի տարտամ հոտ մը կծփար տաք օդին մեջ ու մեզի անհանգիստ կըներ:
Արտասովոր և չարագուշակ տեսարան մը պարզվեցավ հետզհետե մեր աչքին: Նախապես չհասկցանք, բայց քանի կմոտենայինք, իրականությունը կհայտնվեր մեր տատամսող ուշադրության: Իրարու մոտ գմբեթացած հողի բարձրություններ կկազմեին շուրջանակի. քանի՛ կմոտենայինք տարրալուծած դիակի հոտն ավելի սուր կդառնար. կանաչ փորով, մութ կարմիր գլխով ճանճեր կբզզային ու կհավաքվեին գմբեթաձև բարձրություններուն վրա՝ ներքևի արտաշնչումներեն բացված, մեյ մը մեկ, մեյ մը ուրիշ սև ծակերու շուրջը:
Գլուխնին ծուռ, որբերը, անդին, ճամփան վրա կեցած, կսպասեին:
- Որբանոցը հողին տակ է,-ըսավ մեզի առաջնորդողը՝ տղու գերեզմանները ցուցնելով:
Շատ ու շատ կային այդ չարաբաստիկ հողակույտերեն: Ու նույն միջոցին իմացանք, թե վրանները նախապես այդ տեղին վրա հաստատված էին, ու դեպքին հաջորդող շաբաթներուն մեջ թշվառությունն այնքան մեծ եղեր է որ, մեծ թվով տղաք՝ անտեր մնացած ու արյունից ապականված շրջակա նեխություններեն՝ մեռեր են: