Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կորովի, բայց ցավով և վշտով մթագնա` այդ օրը մեր դեմ եկավ աոաջին անգամ Ապտօղլու գյուղին քահանան: Անոր դիմումը` իր ցրված հոտին համար էր. քիչ հոգի մնացել էին, անոնք ալ անպատմելի խեղճության մեջ:

֊Ապտօղլու 66 տուն ուներ և 265 բնակիչ,֊կըսե անիկա հոգնած ձայնով մը, - կային նաև 242 դրսեցի, այս վերջիններեն ամենքն ալ մեռան…

- Ամենքն ալ մեռա՞ն…

- Այո, ամենքն ալ:

Դառն ու ցավագին լռություն կհաջորդե, ու քահանան աչքով կհետևի մեզի համար աննշմարելի պատկերի մը: Հետո անսալով ներքին զգացումի մը, համրորեն կխաչակնքե ու, անմիջապես արտահայտվելու պահանջքեն մղված, հուզմունքեն և զայրույթեն դողդոջուն ձայնով մը կպատմե.

- Խուժանը պաշարեց մեզ ուրբաթ օրը: Երիտասարդները տրամադիր էին կռվելու, մեջտեղ բերինք զենքեր, հինգ մաուզեր, վաթսուն րեվոլվեր, ինչպես նաև չիֆթեներ և թիֆենկներ: Բայց գյուղին ջոջը, Պաղտատօղլու Կարապետ, չհամաձայնեցավ… հե՜յ վա՜խ… սարսափեն խելքը կորսնցուցած երեսնուա կպոռար.- «Մեզի՞ է մնացեր իսլամի դեմ դնել… չիֆթեներով ղուշ կզարնվի, մարդ չզարնվիր. մեկ թիֆենկի դեմ քսան մարդին կա մեր դիմացը… ճիտերնիս ծռենք, զենքերնիս հանձնենք ու իրենց ողորմությանը վրա հուսանք»: Զուր տեղը վիճեցանք, օրինակներ տվինք… «Մեռնիլը մեկ անգամ է, այսօր թող մեր վերջին օրն ըլլա, բայց սիլահները չձգենք. ո՞ր օրվան պահել ենք մեր կտրիճությունը, ո՞ր օրին համար բերներնուս կտրելով գնել ենք այս զենքերը…Մեր կիները, մեր զավակները, մեր բազուկներուն են ապավինել, ի՞նչ երեսով ձեռքերնիս պարապ պիտի երևանք իրենց»: Իզո՜ւր… իզո՜ւր…

Պաղտատօղլու Կարապետ ճերմակ դրոշակը պարզեց և գյուղն անձնատուր հռչակեց… Դուշմանը եկավ մեր զենքերը հավաքեց և անմիջապես մեզ ջարդեց:

Պահ մը կլռե, արցունքը կքարանա թարթիչներուն վրա և անօրինակ արտահայտություն մը կտա իր նայվածքին: