Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անոնք կտարակուսեին մեր ուժին վրա, կվարանեին, ետ դառնալու որոշումներ կընեին…: Մյուս կողմե մեր գնդակները կսպառեին. կապար չունենալով, պղնձե ամանները կտրտեցինք և ուզեցինք իբրև զենք գործածել: Այն ատեն էր, որ տեսնելով մեր թյուֆենկներուն խեղճ վիճակը՝ նոր հնարքի խորհեցանք. ծառի կոճղեր փորեցինք ու մեջը ջուրի խողովակներ դնելով պայթեցուցինք: Երեք անգամ վառոդը վառեցինք ու թշնամին շվարեցավ: Այդ միջոցին արդեն ճարահատ, հավաքեցինք կիներն ու տղաքը, և, զանոնք մեր մեջտեղն առնելով բոկոտն ու լռին, գիշերվան մեջ փախանք դուշմանին քիթին տակեն…: Կես ժամ հետո տասը, տասնհինգ չերքեզ դիմավորեցին մեզի, ճամփուն վրա կռվիլ դյուրին չէր. կիներն ու տղաքը զոհ կրնային երթալ. կապար չունեինք, ձեռքերնիս պարապ էր, խորամանկության դիմեցինք: Փոխանակ սպասելու, որ անոնք դեպի մեզ գան, մեզմե մեկը դիմավորեց զիրենք և հրացանն ուսին, հարցուց.

- Դուք ո՞վ եք:

- Մենք չերքեզ ենք:

- Հնզրնե՜ր, դուք կյավուր եք, կփախիք կոր:

- ճշմարիտը, մենք չերքեզ ենք,֊ու գտակը ցույց տվավ հաստատելու համար:

- Ի՞նչ կփնտրեք հոս:

- Շեյխ Մուրատը չէ առնվեր, կյավուրները կդիմադրեն, հոն պիտի երթանք:

- Մենք հաղթեցինք, գյուղն առինք. բայց կովեր ու եզներ կար. գացե՜ք, առեք…

Ավելի արագությամբ չերքեզները ճամփա առին դեպի Շեյխ Մուրատ, ու մենք մյուս կողմեն ուղղվեցանք Ադանա:

Շեյխ Մուրատին չվառած սիգարետը դարձուց մատներուն մեջ և սպասեց, որ մեր նոթերը վերջացնենք, ու հետո ճակտին կնճիռներն ավելի փոթտելով, խորհրդավոր ձայնով մը ըսավ.

- Ո՜չ սիրտ պակսեցավ մեր մեջ, ո՜չ բազուկ. բայց զենք չունեինք:

Մինչև իրիկուն ուշ ատեն, կշարունակենք հագուստներու բաշխումը, ու բոլոր ժամանակը միտքերնիս կտատանի Ապտօղլու ջարդեն Շեյխ Մուրատի ինքնապաշտպանությանը վրա: Մեքենաբար