Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն իրիկունը գացինք՝ իրենց կիներն ու տղաքը տեսնելու և իրենց մոտ ըլլալու այդ դժվարին ժամերու մեջ: Կիներեն մեկը մթին և լուռ տխրությունով մը համակված էր, իսկ մյուսը կարտասվեր հեծեծագին: Տղաքը կճչեին մեռելի տան պես. ախուր էր հյուպատոսարանի այդ վերի հարկը, ու այնքան ատեն մեր ընկերները ապաստան և հյուրընկալություն գտեր էին: Մենք անկարող էինք մխիթարելու այդ երկու դժբախտ կիները. բառերը կմարեին ու իրենց իմաստը կկորսցնեին մեր շրթունքներուն վրա: Տղաքը կշարունակեին գոչել, մայրերնին կարտասվեին հորդառատ արցունքներով. ամեն րոպե կկարծեինք, թե այլևս արտասուքը պիտի սպառեր, թե կարող պիտի չըլլային շարունակելու այդպես… բայց այդ օրեն վերջն ալ քանի քանի անգամներ, սարսափելի ժամերու մեջ այդ աչքերը դեռ արցունք պիտի գտնային թափելու:

Մութը սկսավ իջնալ ավերակներու վրա: Հյուպատոսարանին վերնահարկեն կդիտեինք Ֆելլահ թաղին խճողված տանիքները… հեռավոր, անորակելի աղմուկ մը կբզզար ամեն կողմ, հեղձուցիչ տաքեն ետքը, իրկվան գաղջ խոնավությունն անշնչելի կդառնար. ֆիզիկապես և բարոյապես ճնշված` աչքերս կփակեի խուսափելու համար համառող մղձավանջեն.

- Կախաղաննե՜րը…

Այդ մասին մեր մեջ իսկ չէինք խոսեր նույնիսկ մեր ընկերական ամենեն մտերիմ վայրկյաններուն. կզգայինք սակայն, որ ամեն մեկերնուս մտքին մեջ այդ սարսափը կար, բայց կխուսափեինք այդ չարաշուք բառն արտասանելե, կարծես վախնալով մարմին տալ, իրական և կարելի դարձնել զայն: Շատ ավելի ուշ է, որ անիկա ինքնին պիտի գար սեղանի վրա. բանտարկյալներու մայրերը և կիներն էին, որ պիտի արտասանեին զայն մեզի:

Հետևյալ օրն իսկ շտապեցինք երթալ տեղեկություն առնել մեր բանտարկյալներեն ու մեր գիտցածը հաղորդել իրենց մայրերուն և կիներուն: Հակառակ մեր հոռետեսության` նույն ժամանակվան զինվորական հրամանատարին բարյացկամությանը շնորհիվ, կրցանք ոչ միայն տեղեկություն ստանալ, այլ նաև այցելել մեր ընկերներուն:

Պաշտոնատան մը սրահին մեջ հավաքված էին անոնք և բավական