Էջ:Armenia Encyclopedia.djvu/1019

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ճարտ-ը Արցախում զարգացել է հայկ. ազգային ճարտ-յան ավանդույթներով։ Արցախի տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, դամբարաններ, նախամարդու արվ-ի հետքեր, վաղ շրջանի պատմամշակութային արձաններ, ուղեցույց-կոթողներ, կիրառ. արվ-ի գործեր, դրամներ և այլն։ Հնագույն բնակավայրերից ամենանշանավորը Տիգրանակերտն է (մ. թ. ա. 90-ական թթ.), որի պեղումները (2006-ից) հավաստում են քաղաքաշին. կառուցող․ արվ-ի և մշակույթի զարգացման բարձր մակարդակը։ Արցախում պահպանված ավելի քան 1600 հուշարձաններից հնագույնը Գրիգոր Լուսավորչի՝ Ամարասում հիմնադրած եկեղեցին է (IV դ-ի սկիզբ), որի հորինվածքն օրինակ է ծառայել Արցախի առաջին եկեղեցիների կառուցման համար։ Վաղ միջնադարից պահպանվել են Ծիծեռնավանքի (IV-V դդ.), Մոխրենեսի Օխտը դռնի (V-VI դդ.), Վանքասարի, Վարազգունի (Վարագայում, երկուսն էլ՝ VII դ.) Տիգրանակերտի եկեղեցիները, Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի դամբարանը (V դ.) Ամարասի վանքում։ V դ-ի հայկական արվ-ին բնորոշ խարիսխներ կան Բռի եղցի վանական համալիրում, խոյակ՝ Ճարտար գյուղում (այժմ՝ Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում)։

Արցախի տարածքում շին. արվ-ը ծաղկել է XII-XIII դդ-ում, երբ ձևավորվել է հայկական ճարտ-յան Արցախի դպրոցը, որի նշանավոր կառույցները Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի, Հակոբավանքի, Հյուրեկավանքի, Գանձասարի, Եղիշե Առաքյալի, Օխտը դռնի, Հանդաբերդի, Բռի եղցի և այլ վանական համալիրներում են։ Արցախի ճարտ. դպրոցը զարգացել է Անի-Շիրակի, Սյունիքի, Լոռու դպրոցներին բնորոշ օրինաչափություններով, որոնք վերաբերում են եկեղեցիների տիպերին (գմբեթավոր դահլիճ, ներգծած խաչ), կառուցող․ հնարքներին (փոխհատվող կամարներով ծածկեր, հակաերկրաշարժային միջոցներ, գմբեթային փոխանցումներ), ճակատների հարդարանքին (դեկորատիվ կամարաշարեր, ճակատային զույգ խորշեր, շքամուտքերի ձևավորում) և այլն։ Առկա են նաև Արցախի դպրոցին բնորոշ առանձնահատկություններ (տարածված էին միանավ դահլիճ տիպի եկեղեցիները, ուղղանկյուն բեմը, միևնույն վանական համալիրում՝ մի քանի փոքր եկեղեցիներ ևն)։ Պաշտպան․ կառույցներից նշանավոր են Մայրաբերդը (Ասկերանի բերդամրոցը), Կաչաղակաբերդը, Խաչենաբերդը, Ջրաբերդը, Շիկաքարը, Խոխանաբերդը, Հասան-Ջալալ Դոլայի դղյակը, Գյուլիստանի և Փառիսոսի ամրոցները։

XVII-XVIII դդ-ում Արցախում կիրառվել են ողջ հայկական ճարտ-յան մեջ նույն շրջանում տարածված եռանավ գմբեթավոր բազիլիկի հորինվածքները, կառուցվել են վանք-ամրոցներ, պարսպապատվել վանքերը։ 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկներից [Քաշաթաղի Հակ գյուղի Սբ Մինաս (1675), Մերիկ գյուղի (1682), Տողի Սբ Հովհաննես (1736), Կավաքավանքի (1742), Ավետարանոցի Սբ Աստվածածին, Թաղասեռի Սբ Աստվածածին և այլն)] բացի՝ կառուցվել են նաև XVII դ-ում Հայաստանում մշակված 1 զույգ մույթով բազիլիկ եկեղեցիներ [Ծաղկավանքի (1682), Հակակուի Սբ Աստվծածին, Եղիշա Կուսի անապատ (1675), Ավետարանոցի Կուսանաց անապատ և այլն]։