Իվան Կնունյանցը, կուս., քաղաքական և պետական գործիչներ Ալեքսանդր Բեկզաղյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Աշոտ Հովհաննիսյանը (պատմաբան), պետական գործիչ Հովհաննես Թևոսյանը, գրողներ Մուրացանը, Գուրգեն Գաբիելյանը, Գարեգին Բեսը, լրագրողներ Սպանդար Սպանդարյանը, Համբարձում Առաքելյանը, հրապարակախոս Սարգիս Կասյանը, գրականագետ Գուրգեն Հովնանը, մեխանիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը, հիդրոէներգաշինարար Հովսեփ Տեր-Աստվածատրյանը, ակնաբույժ Հովնան Գաբրիելյանը, նկարիչներ Ստեփան Աղաջանյանը, Սերգեյ Արուտչյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը և շատ ուր.։
Կազմավորվել է 1993-ին ԼՂՀ հարավ-արևմուտքում ազատագրված Լաչինի շրջանի և նրանից հվ. ընկած տարածքներում։ Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում ԼՂՀ Շահումյանի և Մարտակերտի, հյուսիս-արլ-ում Ասկերանի, Շուշիի և Հադրութի շրջաններին, հարավում՝ Արաքս գետով՝ ԻԻՀ-ին։
Ընդգրկում է Հագարի գետի ավազանի մեծ մասը։ Հյուսիսում սահմանն անցնում է Սյունիքի բարձրավանդակի մաս կազմող Բևեռաթափի լեռնաշղթայով, հյուսիս-արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթներով, արևելքում՝ Ղարաբաղի լ-շղթայի գագաթներով և նրա արմ. լ-բազուկների լանջերով։ Ամենաբարձր կետը Ծռասարի (Ղալիդաղ) լ-գագաթն է (3616 մ)։ Հանք․ պաշարները գրեթե ուսումնասիրված չեն։ Բնորոշ են լ-անտառային, լ-մարգագետնային, մերձալպյան լանդշաֆտները։
Տարածքով հոսում են Հագարի՝ Աղավնո, Հոչանց, Շաուլա վտակներով, Որոտան և Ողջի գետերը։
Տնտեսության հիմն․ ուղղությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահության, այգեպտղաբուծության և բուսաբուծության ճյուղերով, որոնք ունեն զարգացման մեծ հեռանկար։
2010-ին շրջանի արտադրանքի տնտեսական կշիռը հանրապետության համախառն արդյունքի ընդհանուր ծավալում՝ գյուղատնտեսությունը 15 % էր, արդ-ը՝ 1,1 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 4,7 %։
Տարածքով անցնում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, որը կառուցվել է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով. բացվել է 1998-ի սեպտ. 2-ին։
Գործում են 49 հանրակրթական, 2 երաժշտ. դպրոցներ, գրադարան, 2 թանգարան, 2 գյուղ, հիվանդանոց և այլն։
Տարածքը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Արցախի թեմի մեջ, գործում է Բերձորի Սբ Համբարձում եկեղեցին (1998-ից)։
Պատմաճարտարապետական հուշարձաններից հնագույնները Կայծքարասարի, Շիրվականի, Միրիկի, Արտաշավիի, Հայթաղի բրոնզեդարյան դամբարանաբլուրներն են։ Հագարի գետի ձորալանջի քարանձավի պատին հայտնաբերվել է հնագույն սեպագիր արձանագրության վերջին հատվածը։ Քրիստ. հուշարձաններից ամենանշանավորը Ծիծեռնավանքի Սբ Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին է (IV-VI դդ.)։ Մեզ են հասել Վարազագոմի (VII դ.), Սթունիսի (IX դ.), Կատոսավանքի (X դ.), Արախիշի (XIII դ.), Աղբաթխերտի Սբ Աստվածածին (XVI դ.), Վակունիսի (XVI դ.), Միրիկի Սբ Աստվածածին, Հակի Սբ Մինաս, Շալուայի Սբ Պողոս-Պետրոս, Հարարի Սբ Հռիփսիմե, Հոչանցի Սբ Ստեփանոս (բոլորն էլ՝ XVII դ.) և այլ բազիլիկ եկեղեցիներ, ինչպես նաև Հոչանցի (Հոչանցի անապատ), Տանձուտի և Ծաղկաբերդի (Քրոնքի վանք) քարանձավային եկեղեցիները։ Մելիքաշեն գյուղում պահպանվել են XVI դ-ի մելիքական ապարանքի ավերակները։ Մկնատամի խաչ, Հովատուս, Արտաշավիի, Փարաջանց վանքերը հայտնի են որպես հայ գրչության կենտրոններ։
Կովսականի և Միջնավանի շրջանները ԼՂՀ ՊԲ-ն ազատագրել է 1993-ի նոյեմբեին, որոնք դեկտ-ին ներառվել են Քաշաթաղի շրջանի կազմում։