ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-1. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐ
1-1.1. ՀՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ
Պետական պարգևներ՝ շքանշաններ, մեդալներ, պատվավոր կոչումներ, շնորհվում են հայրենիքին և ժողովրդին բացառիկ ու ակնառու ծառայություններ մատուցած անձանց, գիտամշակութային, առողջապահության և տնտեսության բնագավառներում ակնառու հաջողություններ ու վաստակ ունեցող գործիչներին և ստեղծագործական կոլեկտիվներին։
ՀՀ-ում սահմանվել են Հայրենիքի, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների, Պատվո շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի շքանշաններ։
Հայրենիքի շքանշանը ՀՀ բարձրագույն պետական պարգևն է. շնորհվում է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։
Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանները շնորհվում են հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար։
Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական ու ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ՀՀ-ի հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահ-յան, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմ. երկրների հետ գիտատեխ., տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։
Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է ՀՀ պետական գործիչներին, ԶՈւ և այլ զորքերի բարձրագույն հրամկազմի զինծառայողներին՝ ՀՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների համար։
Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է ՀՀ ԶՈւ, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայակազմի ծառայողներին՝ հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության ու զորքերի մարտ․ պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։
1-1.2. ՀՀ ՄԵԴԱԼՆԵՐ
ՀՀ-ում սահմանվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանների, Արիության, Մարտական ծառայության, Հասարակական կարգի գերազանց պահպանման համար, Մխիթար Գոշի, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու մեդալները։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության, ինչպես նաև փրկարար․ աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։
Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև փրկարար․ աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայող․ կամ քաղաքաց. պարտքը կատարելու համար։
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտ․ առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտ․ պատրաստության ապահովման և երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նշանակալի ծառայության համար։
Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը շնորհվում է իրավակարգի, հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ծառայող․ պարտականությունները կամ քաղաքաց. պարտքը կատարելիս խիզախության, ինչպես նաև հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական ու հաս-քաղաքական գործունեության, դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ասպարեզներում նշանակալի ծառայությունների համար։
Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահ-յան զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործն․ աշխատանքի և նշանակալի բարեգործ․ գործունեության համար։
Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, գիտության ու տեխնիկայի, ճարտարագիտության բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։
Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվ-ի, գրակ-յան, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ստեղծագործ․ ակնառու նվաճումների համար։