Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության (1995), Հայաստանի ֆրանս. համալսարանի (2000), Եվրոպ. կրթական տարածաշրջ. ակադ-ի հոգաբարձուների խորհրդի (2002-ից) նախագահ։
Գիտական աշխատանքները վերաբերում են սահմանադրական և պետական իրավունքին ու հանրային կառավարման խնդիրներին։
ԹՈՐՈՍՅԱՆ Տիգրան Սուրենի (ծ. 14.04.1956, Երևան), ՀՀ ԱԺ-ի նախագահ (2006-08)։ ՀՀԿ փոխնախագահ (2005-08, 2008-ից դուրս է եկել կուս-ից)։ Քադաքագիտական դ-ր (2006)։ Ավարտել է ԵՊՀ ռադիոէլեկտրոնիկայի ֆակ-ը։ 1978-95-ին աշխատել է ԵՍՄԳՀԻ-ում, 1996-98-ին նշանակվել է ՀՀ ԿԸՀ-ի անդամ, 1997-98-ին՝ ՀՀԿ-ի «Հանրապետական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ 1999-03-ին՝ ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ, 2001-03-ին՝ ԱԺ-ի սահմանադրական փոփոխությունների, 2003-06-ին՝ ԱԺ-ի Եվրոպ. ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովների նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, 2004-07-ին՝ ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի, 2006-07-ին՝ ԵԽԽՎ անդամ պետությունների ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող հանձնաժողովի նախագահ։
Հեղինակ է 4 մենագրության և բազմաթիվ վերլուծ. հոդվածների։ Գիտական աշխատանքները վերաբերում են քաղաքագիտության հարցերի։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հովիկ Արգամի [ծ. 24.01.1958, գ. Մխչյան (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում], ՀՀ ԱԺ-ի նախագահ (2008-11 և 2012-ից)։ Ավարտել է ԵԺՏԻ-ն։ Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ՝ 1990-91-ին, Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն՝ 1991-95-ին, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ՝ 1995-96-ին, Արտաշատի քաղաքապետ՝ 1996-98-ին, ՀՀ Արարատի մարզպետ՝ 1998-2000-ին, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող՝ 2000-01-ին, ՀՀ տարածքային կառավարման (2001-02 և 2007-08), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող (2002-05), ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի գործառույթներով (2005-07) նախարար, ՀՀ փոխվարչապետ՝ 2007-08-ին, ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար՝ 2008-ին։ ՀՀԿ փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ։ ՀՀ ԱԺ-ի (1995-99, 2008-12 և 2012-ից՝ ՀՀԿ համամասն․ ցուցակով) պատգամավոր։ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է (2005-ից)։ ՀՊՏՀ խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դ-ր, ԵՊՀ խորհրդի անդամ։
Պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, ԹԳՄ ոսկե մեդալով։
ՆԻԿՈՅԱՆ Սամվել Պարգևի [ծ. 13.02.1958, գ. Սառնաղբյուր (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)], ՀՀ ԱԺ-ի նախագահ (2011-12)։ Ավարտել է ԵՊԻ-ի մեխանիկամեքենաշինական ֆակ-ը (1982), ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը։ ՀՀԿ խորհրդի անդամ (2007)։ 2003-ից՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր՝ ՀՀԿ համամասն․ ցուցակով։ 2003-07-ին՝ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտ. հանձնաժողովի, ԵԱՀԿ խորհրդարան․ վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, 2008-ից՝ Միջխորհրդարան. միության հայաստանյան պատվիրակության ղեկավար, 2009-11-ին՝ ՀՀ ԱԺ-ի նախագահի տեղակալ։
Տեղի է ունեցել 1999-ի հոկտ. 27-ին՝ ԱժԺ-ի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ, որին մասնակցում էին նաև ՀՀ Կառավարության անդամները։ Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմն․ թիրախ ընտրելով ՀՀ ԱԺ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և ԱԺ-ի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։
Ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Հոկտ. 28-ին ձեռնարկվել են պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվել են և դատապարտվել ցմահ։ 1999-ի հոկտ. 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009-ին ՀՀ ԱԺ-ի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953) քանդակը։
ՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք, Հայր Աբրահամ [1864, գ. Ջալալօղլի (այժմ՝ ք. Ստեփանավան՝ ՀՀ Լոռու մարզում)-1933, Բեյրութ], Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ՝ 1918-19-ին։ Ավարտել է Մոսկվայի Պետրովյան (այժմ՝ Տիմիրյազևի անվան) գյուղատնտեսական ակադ-ը (1893)։ ՀՅԴ կուս-յան անդամ։ Ուսանող․ ելույթներին մասնակցելու համար 1890-ին ձերբակալվել է և աքսորվել Թիֆլիս, որտեղ հիմնադրել է Հայ գյուղատնտեսական ընկերությունը, խմբագրել «Գյուղատնտես» պարբ-ը։ 1909-ին ձերբակալվել է «դաշնակցության գործով», 1912-ին ազատվել է բանտից։ 1914-ից՝ Հայոց ազգային բյուրոյի անդամ, ավելի ուշ՝ Ռուսաստանի Սահմանադիր ժողովի, ապա՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ, եղել է խնամատարության և պարենավորման նախարար։ 1920-ի դեկտ-ին բոլշևիկները ձերբակալել են, ազատվել է Փետրվարյան ապստամբության (1921) ժամանակ։ Տարագրվել է Պարսկաստան, ապա՝ Լիբանան։
ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի [1866, գ. Իգդիր-Մավա (Սուրմալուի գավառ)-20. 03. 1948, Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը], Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ՝ 1919-20-ին։ ՀՅԴ կուս-յան անդամ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոզանի համալսարանը (1901), ունկնդրել Սորբոնի համալսարանի գրակ-յան դասընթացները։ 1902-ին մասնակցել է աբդուլհամիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու նպատակով օսմանյան ընդդիմադիր կուս-ների ու կազմակերպությունների հրավիրած I համագումարին։ Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի խաղաղության խորհրդաժողովում (1907), ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիր։ 1909-11-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», այնուհետև մեկնել է արտասահման։ Թիֆլիսում ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ (1917)։ Եղել է ՀՀ պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-20)։ Ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-23) խորհրդաժողովներին։ Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գեորգի Չիչերինին հղելով իր բողոքագրերը՝ հեռացել է ակտիվ քաղաքական գործունեությունից։ 1934-ին Մարսելում հրապարակային ելույթի ժամանակ կաթվածահար է եղել։
Ահարոնյանի գործերը («Ազատության ճանապարհին», 1926, «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան», 1943, և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգ-ազատագր. պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն։
Երկ. ԵԼԺ, հ. 1-10, Բոստոն, 1946-51։