Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք։

Մ. թ. ա. 73-72-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73-69-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Հրեաստանի և Նաբաթեացիների թագավորությունների ընդվզումները։ Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ Vl-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73-71-ի հռոմեա-պոնտ. պատերազմում։ Բայց մ. թ. ա. 71-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ Vl-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը։

Մ. թ. ա. 69-ի գարնանն սկսված հայ-հռոմ. պատերազմում հոկտ. 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Մեծը կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68-ի սեպտ. 22-ին Արածանիի ճակատամարտում լիակատար պարտության մատնել հռոմ. զորավար Լուկիոս Լուկուլլոսի բանակին։ Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին։ Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունից՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ։

Սակայն, զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67-66) ճնշմամբ, Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթև. ռազմ. դաշինքի ստեղծումը։ Պարթև, զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը։ Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից։ Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթև. դաշինքը, և Պոնտոսը գրաված Գնեոս Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Մեծի հաշտության առաջարկը։

Մ. թ. ա. 66-ի սեպտ-ին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար 2 ճակատով կորստաբեր պատերազմի վտանգը, պահպանել է Հայաստանի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում։ Հայաստանը հայտարարվել է «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։ Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Մեծը շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի։ Մ. թ. ա. 64-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթև. ռազմաքաղաքական համագործակցության։

Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս)։

Տիգրան Բ Մեծին հաջորդել է Սրտավազդ Բ-ն (մ. թ. ա. 55-34), որը հոր կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը։ Թագավորել է միջազգային բարդ՝ հռոմեա-պարթև. հակամարտության պայմաններում՝ վարելով ճկուն դիմակայության քաղաքականություն։ Պարթևստանի դեմ արշավանքների ժամանակ՝ մ. թ. ա. 53-ին, Մարկոս Կրասոսի գլխավորած հռոմ. բանակը ջախջախվել է Խառան քաղաքի մոտ, իսկ մ. թ. ա. 36-ին Մարկոս Անտոնիոսն իր արշավանքի ձախողման գլխավոր պատճառը համարել է Արտավազդ Բ-ի դիրքորոշումը և քանիցս փորձել է խաբեությամբ ձերբակալել նրան։ Մ. թ. ա. 34-ին ներխուժել է Մեծ Հայք։ Հայոց թագավորը փորձել է հաշտվել նրա հետ, սակայն բանակցության ժամանակ Արտաշատի մոտ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղ մ. թ. ա. 31-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Vll-ի հրամանով։

Արտավազդ Բ-ի պատկերով հատվել է դրամ։ Նա գրել է ողբերգություններ, ճառեր, պատմ. երկեր (հուն.), որոնց մի մասին ծանոթ է եղել Պլուտարքոսը։

Արտաշիսյանների վերջին հզոր ներկայացուցիչը Սրտավազդ Բ-ի թագաժառանգ որդին էր՝ Արտաշես Բ-ն (մ. թ. ա. 30-20)։ Գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց Հրահատ IV Արշակունի թագավորի հետ՝ մինչև մ. թ. ա. 31-ը Արտաշես Բ-ն ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը: