ՀԱՎԵԼՎԱԾ 1-6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ
1-6.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ
Հայաստանի ազգային հերոսը ՀՀ պետական բարձրագույն կոչումն է. սահմանվել է 1994-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով։ Շնորհվում է ՀՀ ԱԺ-ի նախագահության և ՀՀ Կառավարության ներկայացմամբ, ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգ․ նշանակալի արժեքների ստեղծման գործում ՀՀ-ին մատուցած համազգ. նշանակության բացառիկ ծառայության համար։ Հայաստանի ազգային հերոսին տրվում են «Հայրենիք» շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։
ՄԱՆՈՒԿՅԱՆ Ալեք Թագվորի [20.06.1901, ավան Քասաբա (Զմյուռնիա, Թուրքիա)-11.07.1996, ք. Դետրոյտ (Միչիգանի նահանգ ԱՄՆ), աճյունն ամփոփված է Էջմիածնի Գանձատան բակում], Հայաստանի ազգային հերոս (1994), բարերար։ 1920-ից ապրել է ԱՄՆ-ում։ 1953-89-ին՝ ՀԲԸՄ նախագահ, 1970-ից՝ ցկյանս, 1989-ից՝ պատվո նախագահ։ 1968-ին 1 մլն կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութ. հիմնադրամը։ Խոշոր գումարներ է նվիրաբերել Հայ առաքել. եկեղեցուն, դպրոցներին, մշակութային միություններին, մարական ու երիտասարդ. կազմակերպություններին, ծերանոցներին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը։ Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների պատվո անդամ՝ հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դոլար։ Երևանում Ալեք Մանուկյանի անունով կոչվել է փողոց, Ստեփանակերտում կանգնեցվել է հուշարձանը (1998, քանդ.՝ Տիգրան Արզումանան)։
ՎԱԶԳԵՆ Ա Պալճյան [ավագանի անունը՝ Լևոն-Կարապետ, 20.09(3.10).1908, Բուխարեստ-18.08.1994, Սբ Էջմիածին], Հայաստանի Ազգային հերոս (1994)։ Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1955-94-ին։ ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991)։ 1930-ականներին ազգ-հասարակական, այնուհետև եկեղեց. եռանդուն գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում։ Ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշին., վերակառուցող. գործունեություն, նրա նախաձեռնությամբ բացվել են թեմեր (Գուգարքի, Սյունիքի, Շիրակի, Արցախի), վերակառուցվել և բացվել եկեղեցիներ ու վանքեր (շուրջ 40)։ Նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հոգևոր-մշակութային նոր արժեքների ստեղծմանը և հների հավաքմանը։ Հեղինակ է իմաստասիր., հրապարակախոս., հայագիտական ուսումնասիրությունների։ Զգալիորեն նպաստել է էկումենյան շարժմանը և միջեկեղեց. հարաբերությունների ընդլայնմանը։
Ղարաբաղյան շարժման տարիներին խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ 1988-ի փետր. 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ Նախագահ Մ. Գորբաչովին և հեռուստատեսության իր ելույթում խորհուրդ տվել բոլորին՝ «Լինեն ողջախոհ, քաջիմացությամբ վերաբերվեն հայրենակից արցախահայության արդար պահանջին, թև-թիկունք լինեն Արցախին»։ Օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը և իր օրհնած վերջին՝ 6-րդ մյուռոնը (1991-ի սեպտ. 29) անվանել Անկախության մյուռոն։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ջիվան Զավենի [6.07.1961, Երևան-20.07.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան), ամփոփված է Եռաբլուրում], Հայաստանի Ազգ. հերոս (1996, հետմահու)։ Եղել է «Հատուկ գունդ» զորամիավորման առաջին վաշտի հրամանատար, մասնակցել է Արարատի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Վարդենիսի, Վայքի, Տավուշի շրջանների սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագր. մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում։ Երևանի № 111 դպրոցում տեղադրված է նրա կիսանդրին։
ԱՅՎԱԶՅԱՆ Վիտյա Վորոշի [31.12.1955, գ Սպանդարյան (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)- 29.08.1990, Երևան], Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու)։ ՀՀՇ անդամ (1989-ից)։ Ազգ-ազատագր. պայքարի կոչերի համար 1989-ին ձերբակալվել է և շուրջ 1 ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ Զոհվել է, երբ Գեղազնիկ Միքայելյանի հետ գնացել էր «Հայաստանի ազգային բանակ» ռազմական միավորման շտաբ՝ զինական միասնության բանակցություններ վարելու։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990)։
ԳՈՐԳԻՍՅԱՆ Մովսես Գևորգի [3.12.1961, Երևան-19.01.1990, Երասխ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում), թաղված է Ծիծեռնակաբերդում], հրապարակախոս։ Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու)։ 1987-ին՝ «Ազգային ինքնորոշում միավորում» հաս-քաղաքական կազմակերպության անդամ, նույն կազմակերպության «Հրապարակայնություն» և «Հայրենիք» ընդհատակյա ամսագրերի հիմնադիր-խմբագիր, 1989-ին՝ «Անկախության բանակ» կուս-յան հիմնադիրներից։ Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին ելույթներով պաշտպանել է արցախահայությաև արդարացի պահանջը։ Զոհվել է Երասխի ինքնապաշտպանության մարտերում։
ԿՐՊԵՅԱՆ Թաթուլ Ժորժիկի [21.04.1965, գ. Արեգ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)-30.04.1991, գ Գետաշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան, թաղված է ծննդավայրում)], Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու)։ ՀՅԴ կուս-յան անդամ (1990)։ 1990-ի սեպտ-ին, ԵՊՀ պատմության ֆակ-ի 4-րդ կուրսից ընդհատելով ուսումը, մեկնել է Գետաշեն, զբաղվել մանկավարժությամբ, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։ Գետաշեն գյուղի բնակչության տեղահանությունը կանխելու նպատակով Կրպեյանն օղակը քաշած նռնակը ձեռքին ցատկել է տանկի վրա, խորհրդ․ գնդապետից պահանջել զորքը հեռացնել գյուղից։ Նույն պահին զոհվել է դավադիր գնդակից։ Ծննդավայրում կանգնեցված է հուշակոթող (2002, քանդ.՝ Տարիել Հակոբյան)։ Լույս է տեսել Կրպեյանի «Թաթուլ» բանաստեղծությունների գրքույկը։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Մոնթե (Ավո) Չառլզի [25.11.1957, Վայսիլիա (Ֆրեզնոյի մոտ, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ)-12.06.1993, գ. Մարզիլու (Աղդամի մոտ), ամփոփված է Եռաբլուրում], Հայաստանի Ազգ հերոս (1996, հետմահու), Արցախի հերոս (1999, հետմահու)։ Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994)։ ԼՂՀ Մարտունիի ՊՇ-ի հրամանատար (1992-ից)։ Լիբանանի քաղաքաց. պատերազմի ժամանակ մասնակցել է (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին։ 1980-ի մայիսից՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, անգլ. հապավումը՝ ASALA) գլխավոր ռազմական մարզիչ։ 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի ու գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխ. թևը։ 1985-ին Փարիզում ձերբակալվել է և բանտարկվել մինչև 1989-ը։ 1990-ի հոկտ-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի ինքնապաշտպանական ու ազատագր. մարտերին։ Աչքի է ընկել Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Քելբաջարի ազատագր. մարտերի ժամանակ։ Պարգևատրվել է նաև ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի (1994) շքանշանով։ Հուշարձանը (1995, քանդ.՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է ԼՂՀ Մարտունի քաղաքում։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գեղազնիկ Արմենակի [Չավուշ, 16.11.1951, գ. Լեռնարոտ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)-29.8.1990, Երևան], Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու), ազատամարտիկ։ Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Աշտարակի «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատար։ Զոհվել է, երբ Վիտյա Այվազյանի հետ գնացել էր «Հայաստանի ազգային բանակ» ռազմական միավորման շտաբ՝ զինական միասնության բանակցություններ վարելու։