Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հռոմ. զավթիչներից, այլև ջախջախել է նրանց համագործակցող Ատրպատականի Մար Արտավազդ թագավորին և նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը։ Իսկ Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի և Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չի պատերազմել հայ-պարթև. միացյալ ուժերի դեմ ու վարել է Մեծ Հայքն իր ավանդ, դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու և հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն։ Հռոմի Օկտավիանոս կայսրը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը։

Արտաշիսյան հաջորդ թագավորները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ։ Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն (մ. թ. ա. 20-մ. թ. ա. մոտ 8)։ Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով։ Հատել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատ. մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը և Վերգիլիոսը գրել են ներբողներ։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը, մ. թ. ա. 10-ին հրաժարվել է հռոմ. կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։

Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն (մ. թ. ա. մոտ 8-5)։ Օկտավիանոս Օգոստոս կայսրը, անհանգստանալով, գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին (մ. թ. ա. 5-2)։ Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմ. օրենքներով, թալանել պետական գանձարանը։ Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմ. լեգեոներներին՝ արտաքսել Հայաստանից։ Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն (մ. թ. ա. 2-1), այս անգամ՝ քրոջ՝ Էրատոյի հետ։ Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխուժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից։ Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր։ «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը։

Արշակունյաց թագավորությունը

Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Հռոմ. կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրածո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին։ Զենոն-Արտաշեսը (18-34) միակն է, որին հայերը գահընկեց չեն արել, նա վրիժառուների դավադրության զոհ չի դարձել։ Ըստ Տակիտոսի՝ նա մեծացել էր հայկական միջավայրում, յուրացրել հայերի կենցաղն ու բարքերը, ընդունել հայկական Արտաշես անունը և վարել երկրի շահերից բխող քաղաքականություն։

Վերսկսված հռոմեա-պարթև. հակամարտության ժամանակ Հայոց ավագանին նախընտրել է դրացի Պարթևստանի հետ ռազմաքաղաքական փոխշահավետ դաշինքը։ 52-ին Պարթևաց Վաղարշ I Արշակունին և նրա եղբայր Տրդատը պարթև, զորքով մտել են Հայաստան։ Տրդատը Արտաշատ մայրաքաղաքում հայ ավագանու աջակցությամբ նստել է Հայոց գահին։ Սակայն Հռոմի Ներոն կայսրը (54-68) Կորբուլոնի զորահրամանատարությամբ պատերազմ է սկսել (54-64-ին՝ որոշ ընդհատումներով) հայ-պարթև. ուժերի դեմ և միայն 59-ին մտել Արտաշատ ու ավերել քաղաքը։ 62-ի գարնանը Արևելք ուղարկված Պետոս զորավարը Ծոփաց Հռանդեա (Եռանդ) վայրում ծանր պարտություն է կրել հայ-պարթև. զորքից և հաշտություն խնդրել։ 64-ին կնքված Հռանդեայի պայմանագրով՝ Հռոմը և Պարթևստաևը ճանաչել են Մեծ Հայքի անկախությունը։ Ըստ համաձայնագրի՝ Հայոց գահի համար Պարթևաց արքունիքի առաջադրած թեկնածուին, սկսած Տրդատից, պետք է հաստատեր Հռոմի կայսրը։

65-ին Տրդատն իր ընտանիքով և 3 հազար հեծյալ շքախմբով մեկնել է Հռոմ, որտեղ