Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթ. մարտեր է մղել նաև պարսկ. զորքերի դեմ։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմ. կայսրության հետ, ճնշել նախարարների անջատող. ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն։

Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարածելու ու ամրապնդելու գործում վերապահել է նրան առաջատար դեր։

Տրդատ Գ Մեծին հաջորդած Խոսրով Գ Կոտակը (330-338) շարունակել է պետությունը կենտրոնացնելու և հզորացնելու հոր քաղաքականությունը։ Ճնշել է ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարար. տոհմերին, վերամիավորել Շապուհ II-ի սադրանքով ինքնուրույն դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցրել մազքթաց թագավոր Սանեսան-Սանատրուկի ոտնձգություններին։ Անջատող. ձգտումները կանխելու նպատակով Խոսրով Գ-ն սահմանել է օրենք, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող նախարարները պարտավոր էին բնակվել մայրաքաղաքում՝ Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո։ Կարճատև խաղաղության տարիներին ծավալել է շին. աշխատանքներ, հիմնել նոր մայրաքաղաք Դվինը, տնկել «Տաճար մայրի» և «Խոս- րովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները՝ արգելոց-որսատեղիներով։ Խաղաղությունը խաթարվել է 337-ին. Մծբինի պայմանագրով նախատեսված ժամկետը չլրացած՝ պարսկ. զորքերը ներխուժել են Մծբին և Վասպուրական։ Սակայն Վանա լճի հս.-արլ. ափին՝ Առեստ ավանի մոտ, սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական 30-հազարանոց զորաբանակը ճակատամարտում ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Նույն թվականին կանխվել է նաև պարսիկների 2-րդ հարձակումը։

Խոսրով Գ Կոտակի մահից հետո նրա որդին՝ Տիրանը (339-350), շարունակել է հոր քաղաքականությունը. սանձել է անջատամետ նախարարներին, սահմանափակել եկեղեցու ուռճացած կալվածքները, սպանել է (347) Գրիգոր Ա Լուսավորչի թոռանը՝ Հուսիկ Ա Պարթևին, և կաթողիկոս կարգել Աղբիանոսյան հոգևոր. տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատցուն։ 350-ին Շապուհ II-ը մեծ բանակով ներխուժել է Մեծ Հայք, գերեվարել Տիրանին ու նրա ընտանիքը։ Սակայն նույն թվականին հայ-հռոմ. միացյալ զորքը Բասեն գավառում գլխովին ջախջախել է պարսկ. ուժերին, Շապուհ II-ին հարկադրել է կնքել հաշտության պայմանագիր և գերությունից ազատել Հայոց արքային։ Տիրան արքայի կուրացման և գահաժառանգ Արտաշեսի՝ բանտում սպանվելու պատճառով Մեծ Հայքի թագավոր է հռչակվել կրտսեր արքայազն Արշակ Բ-ն (350-368)։ Գահակալելով Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ՝ նա չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն։ Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է։ Կաթողիկոս. աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին։

Ներսես Ա Մեծ (353-373) կաթողիկոսի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 354-ին գումարվել է Հայ եկեղեցու առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոս. սովորույթների դեմ կանոններ, արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն։ Նրանց ջանքերով Հայաստանում բացվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, դպրոցներ։ Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն։ Արքունի բանակը մեծացնելու, թագավոր. իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Կոգովիտ գավառում կառուցել է Արշակավան արտոնյալ՝ ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն։

359-ին վերսկսվել է հռոմեա-պարսկ. պատերազմը։ Հայաստանի սահմանները վտանգվել են Պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ Նա արշավանք է սկսել Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և Հուլիանոս կայսեր բանակին միանալու համար։ Սակայն զոհված