Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարար. տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք Տիզբոն՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք առերես հավատափոխ են եղել և 449-ի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագր. պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները որոշել են վերականգնել Հայոց թագավորությունը։

Թեև Պարսից արքունիքը կեղծ խոստումներով կարողացել է հրապուրել մարզպան Վասակ Սյունուն և այլ Նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակն ու աշխարհազորը Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ 451-ի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում (Վասպուրականի Արտազ գավառ) տեղի ունեցած հերոսամարտով ու հետագա համառ մարտերով Հազկերտ ll-ին հարկադրել են հետ կանչել պարսկ. զորքերի մնացորդներին, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։

Սակայն Պարսից Պերոզ արքան 470-480-ական թթ-ին դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, հրահրել կրոն, նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները։ Սրված դժգոհությունների հետևանքով 481-484- ին Մարզպան. Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդու՝ Վահանի առաջնորդությամբ։ 481-ին հայկ. զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսից ուժերին, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան Սահակ Բագրատունուն, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին։ Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնելու Հայոց թագավորությունը։

Պարսից զորքերը ջախջախիչ պարտություն են կրել Մասյացոտն գավառի Ակոռի (481) և Ավարայրի դաշտի մերձակա Ներսեհապատ (482) գյուղերի մոտ։ 482-ին Ճարմանայի դաշտում (Կուրի գետահովիտ) տեղի ունեցած ճակատամարտում թեև հայ-վրաց. միացյալ զորքերը պարտվել են՝ տալով զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսից հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել կռիվները Սասանյանների զորքերի դեմ։

484-ի ամռանը հեփթաղների (միջինասիական քոչվոր ցեղեր) դեմ պատերազմում պարսկ. զորքերի պարտությունից ու Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը (484-488) Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։ 484-ի աշնանը Նվարսակ գյուղում (Պարսկահայքի Հեր գավառ) կնքված պայմանագրով Սասանյան արքունիքը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը և նախարարների ավանդ, իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, կամայականություններ չանել, հարգել հայերի դավանանքի