Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միհրանի 20-հազարանոց զորքը պարտվել է Խաղամախա դաշտում (Վասպուրականի նահանգ) տեղի ունեցած ճակատամարտում և դուրս շպրտվել երկրի սահմաններից։ Այնուհետև Վարդան Մամիկոնյանը, իր շուրջ համախմբելով Այսրկովկասի քրիստոնյա այլ ժողովուրդների, թոթափել է Պարսից գերիշխանությունը և դիմել Բյուզանդիայի հովանավորությանը։ Այդ պատճառով 572-ին 2 տերությունների միջև սկսվել է տևական պատերազմ, որն ավարտվել է 591-ին կնքված հաշտության պայմանագրով, ըստ որի՝ Հայաստանի (2-րդ բաժանումով) մեծագույն մասն անցել է Բյուզանդիայի գերիշխանությանը։

Պարսկա-բյուզ. մրցապայքարը Հայաստանի և Այսրկովկասի համար շարունակվել է մինչև արաբ․ արշավանքները (630-ական թթ.)։

Արաբական խալիֆության գերիշխանության ժամանակաշրջան

Վաչկատուն արաբ․ ցեղերը, VII դ-ի սկզբին Արաբ, թ-կղզում համախմբվելով մահմեդ. (իսլամ.) կրոնի ներքո, ստեղծել են հզոր պետութուն (խալիֆություն), 630-640-ին խորտակել են Սասանյան տերությունը, ջախջախել բյուզ. զորքերին և իրենց տիրապետությունը հաստատել Մերձ․ Արևելքում։

Արաբ․ խալիֆության նվաճումների հետևանքով խարխլված պարսկա-բյուզ. գերիշխանությունից հետո Հայոց սպարապետ (628-ից) ու մարզպան (634-ից) Թեոդորոս Ռշտունին 639-ին վերամիավորել է Հայաստանի արմ. (բյուզ.) և արլ. (պարսկ.) մասերը՝ որպես ինքնուրույն իշխանապետություն՝ դառնալով առաջին Հայոց իշխանը (նստավայրը՝ Աղթամար կղզի)։ Հայաստանում ազդեցությունը վերջնականապես չկորցնելու նպատակով բյուզ. արքունիքը 640-641-ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի բարձրագույն տիտղոսներ ու ճանաչել նրա իշխանապետությունը։

640-643-ին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժած արաբ, զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները։ Բյուզ. արքունիքի հետ դավան, և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին 652-ին ընծաներով մեկնել է Դամասկոս և Ասորիքի (Սիրիա) ու Վերին Միջագետքի կառավարիչ (հետագայում՝ խալիֆ) Մուավիայի հետ կնքել է հայ-արաբ. պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային։ Պահպանելու էին 15 հզ-անոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում։ Հայաստանում արաբ, զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆությունն օգնող ուժ էր ուղարկելու։

Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբ, մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզ. զորքերին, ազատագրել երկրի հս-արմ. շրջանները՝ հասնելով մինչև Տրապիզոն։ Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը։

Սակայն 654-ին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է 656-ին)։ Հայոց իշխան ճանաչված Համազասպ Մամիկոնյանը (654-661) Հայաստանը շուրջ 5 տարի զերծ է պահել արաբ․ հարձակումներից։ Նրա հաջորդի՝ Գրիգոր Մամիկոնյանի (661-685) օրոք խաղաղությունը (շուրջ 2 տասնամյակ) պայմանավորված էր նաև արդեն խալիֆ դարձած Մուավիայի քաղաքականությամբ. կրկին ուժի մեջ է մտել 652-ի հայ-արաբ. պայմանագիրը։ Խալիֆությանը վճարած հարկն ընդամենը 500 դահեկան էր, որը Մուավիայի մահից (680) հետո դադարեցվել է։

Գրիգոր Մամիկոնյանին հաջորդած Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (686-689) զոհվել է արաբա-բյուզ. նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել է Ներսեհ Կամսարականը (689-693), ապա՝ Սմբատ Բագրատունին (693-726)։

VII դ-ում Հայաստանում աշխուժացել է առևտուրը, կառուցվել են համաշխ. նշանակության ճարտ. մի շարք հուշարձաններ