նախարարներին և վերականգնել նրանց ժառանգ․ իրավունքները։
Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ իշխանության եկած Աբբասյանները ճնշել են ազատագր. շարժումները, վերստին ծանրացրել հարկերը, սաստկացրել բռնություններն ու հալածանքները։ Այդ պատճառով 748-750-ին Հայաստանում բռնկվել է նոր զինված ապստամբություն, որը, սակայն, ճնշվել է։ Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և Հայոց իշխան է ճանաչվել Մահակ Բագրատունին (753-775), սպարապետ՝ Սմբատ Բագրատունին։
Խալիֆության գերիշխանության դեմ առավել հզոր էր 774-775-ի ապստամբությունը, որը Շիրակի Կումայրի գյուղից սկսել է Արտավազդ Մամիկոնյանը, այնուհետև ղեկավարել է Մուշեղ Մամիկոնյանը, որին հետո միացել է նաև սպարապետ Սմբատ Բագրատունին։ 2 ճակատամարտում Մամիկոնյանների և նրանց հարող իշխանների ուժերը ջախջախել են արաբ․ զորքերին։ Սակայն 775-ի ապրիլի 25-ին Արձնիի ճակատամարտում (Բագրևանդ գավառ) արաբ. 30-հզ-անոց բանակը պարտության է մատնել հայկական զորքերին, զոհվել են Մուշեղ Մամիկոնյանը, Սմբատ Բագրատունին և այլ երևելի իշխաններ։ Ծանր կորուստներ կրած Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և այլ նախարար․ տոհմեր գաղթել են Բյուզանդիա։ Հայաստանում նորից հզորացել են Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները։ Բագրատունիներին են անցել արտագաղթած իշխանատոհմերի տիրույթների մեծ մասը՝ Մոկքը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը, Տայքը, Կղարջքը և այլն։
Բագրատունիների ամրապնդված դիրքերը և Ատրպատականում Բաբեկի գլխավորած տևական ապստամբությունն Աբբասյաններին ստիպել են ճանաչել Բագրատունիների իշխանությունն Արմինիայում։ 826-ին Աշոտ Մսակերի որդի Բագարատ Բագրատունին ճանաչվել է իշխանաց իշխան, իսկ նրա եղբայր Սմբատը՝ Հայոց սպարապետ։ Սակայն Մութավաքիլ խալիֆը (847-861), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849-ին այնտեղ է ուղարկել Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ տալով հարկային մեծ լիազորություններ։ Աղձնիքի Ձորի պահակի մոտ նրան դիմավորել է Բագարատ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, հանձնել է հարկերը և թույլ չի տվել մտնել Հայաստան։
851-ին Աբու Սաիդը վերադարձի ճանապարհին մահացել է։ Նրան հաջորդել է որդին՝ Յուսուֆը, որը, գալով Խլաթ, խաբեությամբ կալանավորել է Բագարատ Բագրատունուն և ուղարկել խալիֆի նստավայր՝ Սամառա, իսկ ինքը գնացել է Մուշ՝ ձմեռելու։ Այդ շրջանում Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ որդիները զինել են Սասունի և Խութի հայ լեռնականներին, որոնց առաջնորդել է Խութեցի Հովնանը։ 851-852-ի ձմռանը ապստամբները, թշնամուն հանկարծակիի բերելով, ներխուժել են Մուշ, կոտորել արաբներին և սպանել Սբ Փրկիչ եկեղեցում թաքնված Յուսուֆին։ Այս իրադարձությունները հետագայում դարձել են «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը։
Ապստամբությունն աստիճանաբար ծավալվել է ոչ միայն Հայաստանում, այլև Արմինիայի մյուս երկրներում։ Խալիֆը 852-ի գարնանը Հայաստան է ուղարկել թուրք զորավար Բուղային, որը հայտնի էր իր նենգությամբ ու դաժանությամբ։ Նա նախ խուժել է Աղձնիք, ապա՝ Սասուն-Խութ, գերեվարել Աշոտ ու Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովնանին և ուղարկել Սամառա։ Հաջորդ տարվա գարնանը Բուղան ասպատակել