Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու նրանց շրջակայքը։

Վերստին հզորացող Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմաթիվ հայերի։ Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին։ 1269-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269-89)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանք։

Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանը հարավ-արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը, երկրում սրվել են ավատատիրական երկպառակությունները։ 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել և կողոպտել մի շարք բնակավայրեր։ Սակայն Սսի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Հայերը մամլուքներին պարտության են մատնել նաև 1276-ին։ Այնուհետև Լևոն Գ-ն հաղթել է Իկոնիայի սուլթանին և մոնղոլ-թաթարական ուժերով արշավել Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ։ 1285-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանն ստորագրել են 10-ամյա խաղաղության պայմանագիր, որով կողմերը փոխանակել են գերիներին, վաճառականներին շնորհվել է ազատ առևտրի իրավունք 2 պետություններում։ 1271-ին վերականգնվել են վենետիկցիների, իսկ 1288-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։ Լևոն Գ-ի հովանավորությանն ու մեծարանքին են արժանացել Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ։

Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289-96, 1299-1301), հիասթափվելով թուլացած ու մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների թշնամանքը։ 1292-ին եգիպտական զորքերը գրավել են կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին։

Նոր՝ Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը (1293-1307) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս։ Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին։ 1298-ին նրանից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Օգտվելով երկրում բռնկված գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած տարածքները՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներով։ 1299-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք։

1301-ին Հեթում Բ-ն թագավոր է հռչակել իր մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (գահակալել է մինչև 1308-ը), դարձել նրա խնամակալն ու «թագավորահայրը» և շարունակել վարել լատինամետ քաղաքականություն։ Արևմուտքի պետություններն օգնության դիմաց պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի Հռոմի պապին։ 1307-ին Սիս մայրաքաղաքի Սուրբ Սոփիա Մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը։ Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղցիների միացումը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակա-քաղաքական միասնությունը։