Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան Թուրքիայից պահանջել են կենսագործել 1839-ին հռչակած բարեփոխումները։ 1856-ին սուլթան․ կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «Հաթթը հումայունը» (կայսեր․ գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք ևն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչ․ ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) մահմեդ. ու ոչ մահմեդ. համայնքների ներկայացուցիչների ազատ ընտրություն։ Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետ․ ծառայության, ընդունվել զինվ․ կամ քաղաքաց. վարժարաններ ևն։ Թանզիմաթի շրջանակներում 1858-ին ընդունվել է հողային օրենքը, 1867-ին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869-ին՝ քաղաքաց. օրենսգիրքը։
1858-ի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝ մասնավոր, պետ․, մզկիթապատկան (վանքապատկան), համայնական և անօգտագործելի։ 1830-1840-ական թթ-ին, երբ վերացվել են դերբեյությունները (կիսանկախ գավառներ՝ մահմեդականների կառավարմամբ), Արմ․ Հայաստանում նշանակալիորեն աճել է ազատ գյուղացիների թիվը։ Սակայն թե՛ մահմեդ. և թե՛ հայ հողատերերը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից ու կառավարության հովանավորությունից, կրկին ձեռք են բերել տիրույթներ և ամրապնդել իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ։ Հայ գյուղացին, կորցնելով իր հողերը, կիսաճորտային կախման մեջ է ընկել հողատերերից։ Տարոնում, Վասպուրականում քուրդ բեկերը, իրենց հայտարարելով գյուղացու «պաշտպան», հարկադրել են նրանց դրա դիմաց կատարել ծանր աշխատանք։
Տնտեսության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։
XIX դ-ի 30-50-ական թթ-ին կայսրությունում եղել են 40-ից ավելի հայկ․ և հայաբնակ քաղաքներ, որտեղ բնակվել է շուրջ 350 հզ. հայ։ Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը։ Սակայն որոշ քաղաքներ (Բայազետ, Կարին, Բալու, Մուշ, Գյումուշխանե ևն), կտրված լինելով առևտր. մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանապոլսի պայմանագրին (1829) հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել։ Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը ևն։ Վանը և Բաղեշն ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ։ XIX դ-ի կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել։
Արևմտահայերի հաս-քաղ․, մշակութ․ կյանքում անգնահատելի դեր է խաղացել կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիսը, որտեղ ապրել է ավելի քան 200 հզ․ հայ։ Այստեղ էին Թուրքիայի հայոց պատրիարքարանը և սուլթան․ արքունիքում որոշակի կշիռ ունեցող հայ մեծահարուստների ամիրայական դասը։ 1842-ից վերջինիս է հանձնվել հարկերի գանձման ապահովումը Օսմ. կայսրության ասիական և եվրոպ. նահանգներից։ Արքունի մանուֆակտուրաները նույնպես հիմնականում ամիրայության տնօրինության տակ էին։
1856-ի «Հաթթը հումայունը» պայմաններ է ստեղծել բուրժ. միջավայրից ելած հայ էֆենդիների դասի առաջացման համար։ Նրանք պետ․ տարբեր պաշտոններ են վարել և նշանակալի դեր խաղացել արևմտահայության հասարակական կյանքում․ օր.՝ Պողոս Արապյանն ստեղծել է թուրք,․ գրեր (Արապյան գրեր)։
Թանզիմաթից հետո ուժեղացել է էսնաֆությունների պայքարն ազգ․ գործերի տնօրինմանը մասնակցելու իրավունքի