Էջ:Armenia Encyclopedia.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(հիմնականում գյուղացիներ էին) համար հող ստանալու հեռանկարն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կազմալուծել էին ռուս․ բանակը։ Դրան նպաստել է նաև Անդրկովկասի կոմիսարիատի վրաց-թաթար. (ադրբ.) մեծամասնության հակառուս․ գործակցությունը։ 1918-ի հունվ. 12-13-ին Շամխորում վրաց մենշևիկներն ու թաթար-ադրբեջանցի մուսավաթականները զինաթափել են հեռացող մի քանի ռուս․ զորամասերի։ Ընդհարումների ընթացքում սպանվել են բազմաթիվ ռուս զինվորներ։ Վերջիններից բռնագրավվել են 15 հազար հրացան, 70 գնդացիր, 20 հրանոթ։ Հայ ազգ․ կուս-ները, ողջ հայ ժողովուրդը դեմ էին ռուս․ զորքերի հեռանալուն՝ այն համարելով չափազանց վտանգավոր Հայաստանի համար։

1917-ի նոյեմբ․-դեկտ-ին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արմ․ Հայաստանի հարցով։ Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին։ Որոշ խմբագրումներից հետո դեկտ․ 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.

1. ռուս․ զորքերի դուրսբերում Արմ․ Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժող․ միլիցիայի ստեղծում,

2. հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան,

3. տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արմ․ Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի,

4. ժողովրդավար. եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մահմեդ. բնակչության հավասար տեղերով։

2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։

Դեկրետով Արմ․ Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուս․ բանակի դուրսբերումից հետո։ Վահան Տերյանն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. Լենինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ 1918-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արլ․ Հայաստանի կազմում էր։

Դեկրետի միակ դրական կողմն այն էր, որ խորհրդ․ Ռուսաստանը ճանաչել է հայերի օրինական իրավունքներն Արմ․ Հայաստանի նկատմամբ։

Իրադրությունն Անդրկովկասում 1918-ի հունվար-ապրիլին։ Մայիսյան հերոսամարտեր

Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմ․ Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918-ի հունվ. 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917-ի դեկտ. 5), վերսկսել է ռազմ․ գործողությունները։ Արագորեն հեռացող ռուս․ զորքը մեծաամթերք էքանակ զինր թողնում Արմ․ Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել է ճակատը պահել և Անդրանիկին նշանակել է տեղի պաշտպան. շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918-ի հունվ-ին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։ Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ