որը հրամայել է ողջ ճակատի երկայնքով դադարեցնել ռազմ․ գործողությունները։ Որոշվել է Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել Բաթումում։
1918-ի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճել է թուրք-հայկականի։ Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձրել թուրքերի նվաճող․ ձեռնարկումները։ Բանակային 3 կորպուսից կազմված 50-հզ-անոց թուրք. «Կարս» զորամիավորումն առաջադրանք է ստացել նվաճելու ողջ Արլ․ Հայաստանը, հասնելու Բաքու, Դաղստան և Հս․ Իրան։ Մայիսի 15-ին, անցնելով Ախուրյան գետը, նրանք ներխուժել են Ալեքսանդրապոլ։ Թուրք. 3-րդ և 4-րդ բանակային զորախմբերը հրաման են ստացել Արարատյան դաշտով մտնել Երևան։
Երևանյան ուղղությունը պաշտպանող մոտ 10-հզ-արանոց զորախմբի հրամանատար է նշանակվել գեն. Մովսես Սիլիկյանը, որի սպայակույտը տեղակայված էր Վաղարշապատում՝ Գևորգյան ճեմարանի շենքում։
Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հզ-արանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։
Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սբ Էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։
Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկ․ ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։
Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկ․ զորքը գնդ․ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հարվածով ոչնչացրել է Ղամշլու (այժմ՝ Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրք․ ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։ Թուրքերը նահանջել են և դիրքավորվել Արաքս կայարանի շրջանում։ Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ, տարբեր տեղերից եկել են նորանոր խմբեր, միավորվել Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ Դ. Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո։
Մայիսի 23-ից Սիլիկյանն իր մարտակազմի մի ջոկատ է ուղարկել Բաշ Ապարանի ճակատ՝ Դրոյի գլխավորությամբ։ Սարդարապատում մնացել են Պողոս Բեկ-Փիրումյանի՝ կամավորներից կազմված 5-րդ մահապարտների գունդը, 2 հեծյալ գունդ, Թռուցիկ Հովսեփի և Պանդուխտի (Միքայել Սերյան) հեծյալները (1000 ձիավոր), աշխարհազորայինների նորակազմ վաշտերը (ավելի քան 1000 կռվող) և այլ զորամասեր։
Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-29) թշնամին տվել է 3500 սպանված և նահանջել մոտ 60 կմ։ Փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) ղեկավարությամբ ստեղծված գունդը (800 մարդ) հարվածել է հակառակորդի թիկունքին։ Թուրքերը խուճապահար անցել են Ախուրյանի արմ. ափը։
Մայիսի 29-ին թուրքերը հարձակվել են Արագած կայարանի վրա. տեղի են ունեցել թեժ կռիվներ։ Այդ օրը գեն. Սիլիկյանը հրամայել է հարձակումը շարունակել մինչև Ալեքսանդրապոլ, սակայն հաջորդ օրը գեն. Նազարբեկյանի հրամանով այն կանգնեցվել է, իսկ հունիսի 2-ից դադարեցվել են ռազմ․ գործողությունները ճակատային ողջ գծի երկայնքով։
Սարդարապատի հերոսամարտը, որտեղ թշնամին առաջին խոշոր պարտու-