Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ոստիկանությունը հիմնադրվել է 2001-ի ապրիլի 16-ին՝ որպես ՆԳ պետ. կառավարման մարմին՝ ՆԳՆ հիմքի վրա։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի (2001-ի ապրիլի 16) համաձայն՝ ոստիկանությունը հանրապետության տարածքում ապահովում է անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր ու հակաիրավական այլ ոտնձգություններից, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը և այլն։ Ունի օրենքով սահմանված հարկադրանք կիրառելու իրավունք։

ՀՀ ոստիկանության նոր համակարգը ձևավորվել է անկախության հռչակումից հետո, վերացվել են Պետական ունեցվածքի պահպանության բաժինը (ռուս․ հապավումը՝ ՕԲԽՍՍ) և տեղամասային տեսուչների օղակները (հետագայում վերականգնվել են), ստեղծվել են կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումները, ինչպես նաև ՆԳ մարմինների տարածաշրջ. վարչություններ։

1996-ի նոյեմբ-ին ՆԳՆ-ն միավորվել է ԱԱՆ-ի հետ, 1999-ին դարձյալ տարանջատվել է և մինչև 2001-ը գործել որպես ինքնուրույն նախարարություն։

2002-ի հունիսին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ՆԳՆ-ն 2003-ի հունվ. 1-ից վերակազմավորվել է ՀՀ ոստիկանության։

ԵԽ-ի առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում 2001-ից Ոստիկանության քրեական պատիժների իրականացման վարչությունը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ վերակազմավորվելով Քրեակատարող. վարչության։ 2002-ից ոստիկանության համակարգից Արտակարգ իրավիճակների վարչության (այժմ՝ նախարարություն) ենթակայությանն է փոխանցվել Հրշեջ պահպանության վարչությունը։

2005-ին կազմավորվել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման բաժինը։ Որպես ռազմականացված կառույց՝ ՀԽՍՀ ՆԳ համակարգն առաջինն է ներգրավվել երկրի սահմանների պաշտպանության գործին։ Հայաստանի միլիցիան ծանր կորուստ է կրել Երևանում 1990-ի մայիսյան դեպքերի ժամանակ, միլիցիոներներ են նահատակվել ու գերեվարվել Նոյեմբերյանի Ոսկեպար (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) գյուղում, զոհվել արցախյան ազատամարտում։

ՀԽՍՀ Նախարարների խորհրդի (նախագահ՝ Վազգեն Մանուկյան) 1990-ի օգոստ. 21-ի որոշմամբ՝ ՆԳՆ-ին առընթեր ստեղծվել են հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումներ՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ (ՄՀՆՋ) և միլիցիայի հակազդման օպերատիվ ջոկատ (ՄՀՕՋ), վերջինս՝ Երևանի ՆԳ վարչության արագ կողմնորոշման վաշտի հիմքի վրա։ Կազմավորվել են ռազմաճակատ մեկնող միլիցիայի կամավորական ջոկատներ, ստեղծվել է ՆԳՆ-ին առընթեր Հատուկ գունդ (1991-ից՝ Պարետապահակային ծառայության գունդ) զորամիավորումը (հիմնադիր-հրամանատար՝ Սերգեյ Առաքելյան)։

ՀՀ նախագահի 1992-ի հունիսի 12-ի հրամանագրով կազմավորվել են ՆԳՆ ներքին զորքերը (2003-ից՝ ոստիկանության զորքեր), որի խնդիրները հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումն են, հատուկ և կարևորագույն