Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ 1903-ին կառուցվել են Կապանի դիզելային էլեկտրակայանը, Ողջիի, այնուհետև Ջրախորի և Սյունիքի ջրէկները։ 1907-ին ընդհանուր օգտագործման էլեկտրակայաններ են գործարկվել Երևանում, Գորիսում, Էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ), Դիլիջանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), 1908-11-ին՝ Դեբեդ և Հրազդան գետերի վրա։ 1913-ին Հայաստանում գործել է 10 էլեկտրակայան՝ 3165 կՎտ ընդհանուր հզորությամբ։
Երկրում էներգետիկան արագ տեմպերով զարգացել է խորհրդային իշխանության տարիներին։ 1930-62-ին կառուցվել է Սևան-Հրազդան կասկադը (6 ջրէկ, 550 ՄՎտ գումարային հզորություն), 1976-ին շահագործման են հանձնվել ՀԱԷԿ-ի 1-ին, 1979-ին՝ 2-րդ բլոկները։ Այդ ոլորտը կառավարող «Հայէներգոն» (հիմն.՝ 1936) տարեկան արտադրել է մինչև 15 մլրդ կՎտ-ժ էլեկտրաէներգիա, և 1 շնչին ընկնող էլեկտրաէներգիայի ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցրել է առաջատար դիրքեր։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի մոտ 40 %-ն արտադրել է ՀԱԷԿ-ը (2 բլոկով), որը երկրում սկսված հզոր բնապահպան. շարժման արդյունքում 1989-ին փակվել էր։ Մինչև 1992-ը ՀՀ-ի էներգետիկ. կայունությունը հաջողվել է պահպանել Հրազդանի և Երևանի ջէկերի միջոցով, երբ հնարավոր էր ապահովել բնական գազի և մազութի մատակարարումները։ Սակայն Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման և Վրաստանի տարածքում գազատարի, ինչպես նաև երկաթուղու պարբեր. խափանումների պատճառով ՀՀ էներգետիկ․ համակարգը հայտնվել է աղետալի վիճակում։ Դրա հետևանքը եղել է 1992-94-ի էներգետիկ․ ճգնաժամը, երբ երկրի էներգետիկ․ հզորություններն արտադրում էին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ընդամենը 10-15 %-ը։
ՀՀ տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններն սկսվել են էներգետիկայում. 1993-ին սկսվել են ՀԱԷԿ-ի վերականգման և 2-րդ էներգաբլոկի վերաշահագործման աշխատանքներ։ 1997-ի սեպտ-ին ստեղծվել է ռուս-հայկական «Հայ-Ռուսգազարդ» ՓԲԸ-ն (ռուս․ «Գազպրոմի» մասնաբաժինը 80 % է, ՀՀ Կառավարության մասնաբաժինը՝ 20 %), որի հիմնական խնդիրը ՀՀ և ԼՂՀ էներգետիկ․ ենթակաոուցվածքների վերականգնումն էր, գազամատակարարման ծավալների ավելացումը, տեղական գազատարների շին-ն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը (այդ նպատակով ներդրվել է ավելի քան 1 մլրդ դոլար)։
Այդ տարիներին բավական անմխիթար վիճակում էր հայտնվել նաև երկրի էներգաբաշխիչ ցանցը, որի մաշվածության և աշխատանքի կազմակերպման ցածր արդյունավետության պատճառով համակարգն ունեցել է էլեկտրաէներգիայի հսկայական կորուստներ (ավելի քան 20 %)։ Բաշխիչ ցանցերի արդիականացման ու բարեփոխման նպատակով 2001-ին 64 փոքր, ցածրարդյունավետ ցանցային ձեռնարկությունների հիմքի վրա կազմավորվել են 11 խոշոր ձեռնարկություններ, որոնք հետագայում միավորվել են 4 տարածաշրջ., իսկ 2002-ից՝ միասնական՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մեջ, որը մասնավորեցվել, ապա