Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհրդ․ տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-30-ական թթ., 1946-50-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։

1959-79-ին հանրապետության բնակչության թիվն ավելացել է 1,7 անգամ։ Բայց 1980-ական թթ-ին ծայր առած տնտեսական դժվարությունների պատճառով ոչ միայն ներգաղթն է կրճատվել, այլև սկսվել է աշխատանքային արտագնացություն՝ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ 1980-88-ին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 114,8 հազար մարդ՝ հիմնականում արական սեռի, տնտեսապես ակտիվ տարիքի, որի մոտ 20 %-ն այդ ժամանակ երկրում անգործ էր։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո անօթևան մոտ 200 հազար հայ տեղափոխվել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ Մեկնողների մոտ 20 %-ը չի վերադարձել։

Ադրբեջանում էթնիկ զտումներ են կատարվել Արցախյան ազատագր. շարժման տարիներին (1988-92), որի հետևանքով այդ երկրի ողջ հայ բնակչությունը՝ մոտ 350 հազար մարդ, բռնի տեղահանվել և հիմնականում ապաստանել է Հայաստանում, որտեղից նույն շրջանում արտագաղթել է 150 հազար ադրբեջանցի։ 1991-ին 6 հազար աբխազահայեր վրաց-աբխազ. հակամարտության հետևանքով ստիպված լքել են իրենց բնակավայրերը և ապաստանել ՀՀ-ում։ 1988-91–ին հանրապետությունն ընդունել է մոտ 420 հազար հայ փախստականների։

1992-94-ին սոցիալ․ և այլ դժվարությունների պատճառով սկսվել է ՀՀ բնակչության զանգվածային արտագաղթ։ 1991-96-ին ՀՀ միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 677 հազար մարդ, առավելագույնը՝ 1993-ին՝ 250 հազար։ Ընդ որում, արտագաղթել է հիմնականում բնակչության միջին ապահովվածություն ունեցող շերտը։ 2009-ին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 4,4 հազար (այլ տվյալներով՝ 25-30 հազար), 2010-ին՝ 2,15 հազար։ Արտագաղթի պատճառները տարբեր են՝ աշխատանքի բացակայությունը (26 %), կենսամակարդակի անբավարարությունը (25,9 %), ոչ նորմալ կենցաղային պայմանները (13 %), հեռանկարի բացակայությունը (11,8 %) և այլն։ 1990-95-ին հանրապետությունը կորցրել է մասնագետների ընդհանուր թվի 1/3-ը, փաստաբանների, տնտեսագետների, մանկավարժների կորուստը կազմել է 12 %։

Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 մլն մարդ՝ բնակչության 18 %-ը։

ՀՀ-ում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ․ գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են ՀՀ այլ մարզեր և Երևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն․ ու նախալեռն․ շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։

2010-ին ՀՀ բնակչության ներքին տեղաշարժերում ներգրավված է եղել 7 հազար մարդ։ Քաղաքից քաղաք է տեղափոխվել 2,3 հազար, քաղաքից գյուղ ՝ 2,2 հազար, գյուղից քաղաք՝ 1,5 հազար, գյուղից գյուղ՝ 0,9 հազար մարդ։

ՀՀ-ում փախստականների, ապաստան հայցողների, ներքին տեղափոխվածների, արտաքին աշխատանքային միգրացիայի, վերաբնակեցման հարցերը կարգավորելու և այդ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով 1999-ին ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն, 2005-ից՝ միգրացիոն գործակալություն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում (պետ՝ Գագիկ Եգանյան)