սահման, Երևան-Էջմիածին-Մարգարա-Իգդիր ճյուղավորումներով։ Թիֆլիս-Երևան ճանապարհի Երևան-Ջուլֆա հատվածը և դրա մյուս ճյուղավորումները հետագայում վերածվել են խճուղիների։ Տարանցիկ փոխադրումներ են կատարվել Ռուսաստանից Թուրքիա և Իրան։ Երևանի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի միջև կապը պահպանվել է նաև փոստային կառքերի միջոցով։ 1932-ին հանրապետության ավտոպարկն ունեցել է 787 ավտոմոբիլ, այդ թվում՝ 446 բեռնատար, 135 մարդատար, 206 ավտոբուս և հատուկ ծառայությունների մեքենաներ։ 1940-ին այն իրականացրել է տրանսպորտային փոխադրումների 62 %-ը, բեռնաշրջանառության՝ 9,5 %-ը։ 1941-1950-ին ավտոպարկը համալրվել ու նորացվել է։ 1950-86-ին զգալիորեն աճել է ավտոմեքենաների թիվը, մեծացել է նոր մակնիշի, մասնագիտացված թափքերով մեքենաների տեսակարար կշիռը։
Անկախացումից հետո արմատապես փոխվել է ավտոմոբիլային պարկը, նախկին խորհրդային ավտոմեքենաների փոխարեն ներկրվել են արտասահմ. մակնիշների բազմաթիվ ու բազմատեսակ մեքենաներ։ 2004-08-ին ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր քանակի տարեկան միջին աճը կազմել է եղածի 20-30 %-ը։ ՀՀ-ում ավտոմեքենաների ընդհանուր քանակն ավելի քան 400 հազար է (2010), ոչ քաղաքային ավտոճանապարհների երկարություն՝ 7704 կմ (միջպետական՝ 1686 կմ, հանրապետական՝ 4056 կմ, տեղական՝ 1962 կմ)։
2010-ին իրականացվել են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Միջմարզային փոխադրումներն իրականացրել է 89 կազմակերպություն՝ 206 երթուղով, ներմարզային փոխադրումները՝ 68 կազմակերպություն՝ 244 երթուղով, միջպետական փոխադրումները՝ 18 կազմակերպություն ՝ 34 երթուղով։
2011-ից Երևանից ՌԴ (Սոչի, Կրասնոդար, Միներալնիե Վոդի, Դոնի Ռոստով և Վոլգոգրադ) ու հակառակ ուղղությամբ գործում են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Օդային տրանսպորտ։ ՀՀ-ում օդային առաջին կանոնավոր հաղորդակցությունն սկսվել է 1933-ի հուլիսի 21-ին՝ Երևանի և Թիֆլիսի միջև (ԴՕ-2 երկտեղ օդանավերով)։ Երևանն օդային ուղիով Մոսկվային միացել է 1945-ին (ԴՍՊ-47 18 ուղևորատեղով օդանավերով)։ 1986-ին գործել է միութ. նշանակության 30 օդային գիծ. հանրապետությունը կապված էր ԽՍՀՄ 29 խոշոր քաղաքների ու բնակավայրերի հետ։ Օդային կարևորագույն երթուղիներն էին՝ Երևան-Մոսկվա (2000 կմ), Երևան-Միներալնիե Վոդի-Լենինգրադ (այժմ՝ Ս. Պետերբուրգ, 2670 կմ), Երևան-Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ, 2610 կմ), Երևան-Նովոսիբիրսկ, ինչպես նաև Երևան-միութ. հանրապետությունների մայրաքաղաքներ [բացառությամբ Դուշանբեի և Ֆրունզեի (այժմ՝ Բիշքեկ)]։ Հանրապետական նշանակության երթուղիներով Երևանը կապված էր Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, Նախիջևանի, իսկ տեղական նշանակության ավիագծերով՝ Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Ջերմուկի, Բերդի և այլ բնակավայրերի հետ։
Երևանն օդային հաղորդակցությամբ կապված էր նաև Պրահայի, Բեռլինի, Դամասկոսի, Հալեպի հետ։ Երևանով էր անցնում նաև Մոսկվա-Երևան-Բեյրութ-Դամասկոս-Մոսկվա միջազգային երթուղին։ Գյումրին օդային ուղիներով կապված էր Մոսկվայի, Կիևի, Ս. Պետերբուրգի, Սիմֆերոպոլի, Սուխումի և Գորկու (այժմ՝ Նիժնի Նովգորոդ), իսկ Բերդն ու Գորիսը՝ Բաքվի հետ։ Հեռավոր երթուղիներն սպասարկվել են ՏՈՒ-154 և ՏՈՒ-134, իսկ տեղական երթուղիները՝ ՅԱԿ-40 օդանավերով։
Ներկայումս Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններն օգտագործվում են քաղաքաց. ավիացիայի, «Էրեբունին»՝ ռազմ․ նպատակներով։
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները ՀՀ Կառավարության և «Corporacion America» ընկերության (Արգենտինա)