Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կենտրոն։ Նրա տարածքով են անցել Հին աշխարհի միջազգային կարավանային առևտր. ճանապարհները։ I-II դդ-ում միջազգային տարանցիկ առևտրի աշխուժացմամբ պայմանավորված՝ զարգացել է Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ և հայկական այլ քաղաքների առևտուրը։
Արևելյան Հայաստանում առևտուրը որոշակի վերելք է ապրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց (1828) հետո։ XIX դ-ի 30-ական թթ-ին հայ վաճառականների ձեռքն է անցել Այսրկովկասի առևտրի գերակշռող մասը։ Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում և այլուր ծավալուն առևտրային գործառնություններ են կատարել Երևանի և Ալեքսանդրապոլի վաճառականները։
Արևելյան Հայաստանում XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին ձևավորվել են սպառողական կոոպերատիվ ընկերություններ։ 1917-ին երկրում կար այդպիսի 270 ընկերություն։ 1919-ին ստեղծվել է Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միությունը, որը նույն թվականին վերանվանվել է Հայկոոպի։
ԽՍՀՄ-ում ներքին առևտուրն իրականացվել է հիմնականում պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային առևտրի ձևով։ Մանրածախ ապրանքաշրջանառության շուրջ 75 %-ը բաժին է ընկել պետական առևտրին, իսկ ժողովրդական սպառման ապրանքների մեծածախ ապրանքաշրջանառության 90-95 %-ն իրականացրել են պետական առևտրի կազմակերպությունները։
ՀՀ առևտրաշրջանառությունը ներառում է մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտուրը։ Տարբերում են նաև ներքին (երկրի ներսում) և արտաքին (արտերկրում) առևտուր։
Մանրածախ առևտուրը վերջն․ սպառման կամ տնային տնտեսությունների մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է դրամ․ արտահայտությամբ, որն իրականացնում են խանութները, կրպակները, շուկաները, դեղատները և առևտրի մյուս օբյեկտները։
Մեծածախ առևտուրն ապրանքների մեծ խմբաքանակներով վաճառքն է՝ հետագա վաճառքի նպատակով։
Ավտոմեքենաների առևտուրը մասնագիտացված առևտրի կետերի միջոցով ավտոմեքենաների վաճառքը և դրանց տեխ. սպասարկումն ու նորոգումն են։ ՀՀ-ում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում առաջատար են «Կարկոմավտո», «Գլոբալ Մոթորս», «Մեգամոթորս», «Եվրովագեն», «Ֆորա» ընկերությունները։
Մանրածախ առևտրի համակարգն ընդգրկում է նաև հանրային սնունդը։ Մինչև 2006-ը հանրային սննդի ձեռնարկությունների իրականացրած շրջանառությունը ներառվել է ՀՀ մանրածախ ապրանքաշրջանառության մեջ, 2006-ից՝ ծառայությունների մեջ։
Խորհրդային տարիներին ապրանքները վաճառվում էին պետության սահմանած կայուն գներով, իսկ կոլտնտեսային առևտրում ապրանքներն իրացվում էին շուկայում գոյացող գներով։ ՀՀ-ում գներն ազատականացվել են 1992-ին։
Մանրածախ ապրանքաշրջանառությունն արտահայտում է սպառման ծավալի ու դրա կառուցվածքի փոփոխությունները և բնակչության բարեկեցության մակարդակի կարևորագույն ցուցանիշներից է։ Աղյուսակ. Մանրածախ առևտրի շրջանառությունը՝ ըստ ձևավորման աղբյուրների, 2003-11-ին
2003 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2011 | |
Մանրածախ առևտրի շրջանառությունը, մլն դրամ | 688480,3 | 853869,0 | 934379,6 | 1059571,2 | 1075073,9 | 1294806,1 |
Ընդհանուրի նկատմամբ %-ը | ||||||
---|---|---|---|---|---|---|
Խանութների | 41,0 | 45,2 | 50,9 | 57,6 | 59,7 | 63,6 |
Սպառողական ապրանքների շուկաների | 35,3 | 37,0 | 27,9 | 20,1 | 15,6 | 12,6 |
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների | 3,6 | 3,0 | 2,5 | 2,2 | 2,0 | 1,8 |
Կրպակների | 9,2 | 6,1 | 4,6 | 3,8 | 3,8 | 3,5 |
Առևտրի այլ օբյեկտների | 10,9 | 8,7 | 14,1 | 16,3 | 18,9 | 18,8 |
1990-ին հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 7949 մլն ռ., շրջանառության օրերի թիվը՝ 61, պետական առևտր.