Էջ:Armenia Encyclopedia.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ. ապահովությունը տարեցների և անաշխատունակ քաղաքացիների, ինչպես նաև երեխա ունեցող ու նվազ ապահովված ընտանիքների օգնության, աջակցության և սպասարկման պետական համակարգ է։ Ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։ Վերջինիս ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով։

Խորհրդ. պետությունն ապահովում էր բնակչության անվճար կրթությունը, բուժումը, կացարանը, հանգիստը, ծերության կենսաթոշակը, հաշմանդամության թոշակները, անչափահաս երեխաների նպաստները և այլն։ Բնակչությունն ապահովագրված էր աղքատությունից, անձն. սպառման մակարդակը բավական բարձր էր, ունեցվածքի բևեռացման աստիճանը՝ ցածր։

ՀՀ անկախացումից հետո իրավիճակն արմատապես փոխվել է. արտադրության կտրուկ անկման հետևանքով ոչ միայն շեշտակի նվազել են վարձու աշխատողների աշխատավարձերը, այլև առաջացել է գործազուրկների բանակ։ Հախուռն և հապճեպ մասնավորեցման հետևանքով ազգային ունեցվածքի մեծ մասը կուտակվել է փոքր թվով մարդկանց ձեռքում, այնպիսի փոփոխություն են կրել եկամուտների բաշխման մեխանիզմները, որ լուրջ խնդիրներ են առաջացել սոցիալական ոլորտի ֆինանսավորման հարցում։

Անկախացումից անմիջապես հետո տնտեսության անկման և պետական բյուջեի մուտքերի կտրուկ նվազման հետևանքով 1994-ին կենսաթոշակը միջին աշխատավարձի 84 %-ից նվազեցվել է մինչև 19 %-ի. եկամտի այլ աղբյուր չունեցող կենսաթոշակառուները (շուրջ 580 հազար մարդ) միանգամից հայտնվել են աղքատության գծից ներքև։

ՀՀ անկախության տարիներին պետության սոցիալական քաղաքականությունը պայմանականորեն կարելի է բաժանել 2 փուլի։

1-ին փուլին (1991-94) բնորոշ էին խորացող էներգետիկ. ճգնաժամն ու շրջափակումը, արտադրության կտրուկ անկումը, դրամի գերարժեզրկումը, շուկայական հարաբերություններին բնորոշ մեխանիզմների բացակայությունը։ Այս փուլում տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ավելի են խորացրել աղքատությունը և ունեցվածքի անհավասարությունը։ Համեմատաբար բարձր վճարվող ճյուղերում (արդ., շին. և այլն) աշխատողների թիվը կրճատվել է 1/3-ով, և կտրուկ նվազել է իրական աշխատավարձը։ Բնակչության մեծ մասը չուներ նաև եկամտի այլ աղբյուր, որի պատճառով խիստ մեծացել է սոցիալ. լարվածությունը, իսկ ոլորտին հատկացված միջոցները կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 8 %-ը (1994)։ Աղքատ ընտանիքների ֆիզիկական գոյությունը պահպանելու նպատակով ստեղծվել է սոցիալ. աջակցության ցանց։ Կառավարությունը 1994-ին ներդրել է աջակցության «Փարոս» ծրագիրը։ Սկզբնական շրջանում «Փարոսում» ընդգրկվել է 735 հզ. ընտանիք՝ բնակչության մոտ 86 %-ը, և սահմանվել նպաստ՝ 3,5 հզ. դրամի չափով։ 2000-ին նպաստառուների թիվը նվազել է մինչև 190 հզ. ընտանիքի, իսկ նպաստի չափը բարձրացվել է մինչև 7,5 հզ. դրամի։ «Փարոսի» աջակցությամբ հազարավոր ընտանիքներ կարողացել են գոյատևել։

2-րդ փուլում (1995-99) սկսվել են սոցիալ. ոլորտի կառուցվածքային փոփոխություններ, ոլորտը կարգավորող իրավական դաշտի մշակման, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման և այլ միջոցառումների շնորհիվ համակարգում վիճակն աստիճանաբար կայունացել է։ Լուծվել են երկրի էներգետիկ. խնդիրները, շրջափակումը մասամբ մեղմվել է, տեղի է ունեցել մակրոտնտ. որոշ կայունացում, սկսվել է չափավոր (տարեկան մոտ 5 %) տնտեսական աճ։ Սակայն այդ աճը չի ուղեկցվել աղքատության համարժեք նվազեցմամբ, որովհետև եկամուտների մեջ աշխատավարձի չափաբաժինը մնացել է ցածր։ Եկամտի հիմն. աղբյուր է դարձել շահույթը, որի մեծ մասը պատկանել է սեփականատիրոջը, իսկ տրանսֆերտներից ու դրամ. փոխանցումներից օգտվել են սահմանափակ թվով ընտանիքներ։ Խորացել է նաև սպառող. գների և աշխատավարձի անհամապատասխանությունը։

Նվազագույն աշխատավարձը շարունակաբար մնացել է շատ ցածր (մոտ 2