Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքային և գյուղական բնակչություն

Հայերի թիվն աշխարհում մոտ 10 մլն է (2011), որից 3,2 մլն-ը՝ ՀՀ-ում, 141 հազարը՝ ԼՂՀ-ում։ Հայկական մեծ համայքներ կան ՌԴ-ում (1,13 մլն, այլ տվյալով՝ 2,2 մլն), ԱՄՆ-ում (1 մլն, այլ տվյալով՝ 1,6 մլն), Ֆրանսիայում (500 հզ.), Վրաստանում (248 հզ., այլ տվյալով՝ 350 հզ.), Սիրիայում (190 հզ.), Արգենտինայում (130 հզ.), Իրանում (100 հզ.), Լիբանանում (60 հզ., այլ տվյալով՝ 140 հզ.), Ուկրաինայում (100 հզ.), Լեհաստանում (92 հզ.), Թուրքիայում (70 հզ.), Ուզբեկստանում (70 հզ.) և այլն։

ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հզ. ընդհանուր բնակչությամբ։

Խորհրդ. շրջանում, արդ-յան զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ. բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։

1989-ին ՀԽՍՀ-ում կային 58 քաղաքային բնակավայրեր՝ 2,24 մլն բնակչությամբ (ՀՀ բնակչության 68 %-ը)։ Ներկայումս ՀՀ-ում կա 49 քաղաք. քաղաքաբնակ է բնակչության 64 %-ը։ Ամենամեծը մայրաքաղաք Երևանն է, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության մոտ 34,4 %-ը՝ 1.121,9 հզ. մարդ (2011)։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին է (146,2 հզ.), ապա՝ Վանաձորը (104,8 հզ.), Վաղարշապատը (57,5 հզ.), Հրազդանը (53,2 հզ.), Աբովյանը (46,5 հզ.), Կապանը (45,5 հզ.), Արմավիրը (33,8 հզ) և այլն։

ՀՀ-ում գյուղ. բնակավայրերը 949-ն են, գյուղ. համայնքները՝ 866 (2011)։ Գյուղ. առավել խոշոր բնակավայրերը տեղաբաշխված են հիմնականում Արարատյան դաշտում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։

ՀՀ բնակչության ազգային կազմը

ՀԽՍՀ-ն ազգ. կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետություների մեջ։ 1979-ին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %, 1989-ին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 %-ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։

Հայեր

Հայերը պատկանում են եվրասիակա (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբան տիպին։ Որպես էթնիկ կազմավորում՝ առաջացել են հնդեվրոպ. ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Հնդեվրոպ. լեզվաընտանիքի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արլ. և Իրան. բարձրավանդակի հյուսիս-արմ. մասերը։ Մարդաբան. ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպի ցեղերով։

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին անցման ժամանակաշրջանում (մ. թ. ա. V-IV հազարամյակներ) հնդեվրոպ. ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկ. լ-աշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել է Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկ., հուն. և իրան. ցեղերը) մնացել է նախահայրենիքի տարածքում։

Հայկ. էթնոսի ձևավորման տնտ. նախադրյալներն ստեղծվել են էնեոլիթի դարաշրջանից։ Վաղ անասնապահ. և երկրագործ. մշակույթՆերի (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ, պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և դրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լ-աշխարհում, որտեղ գերիշխող են եղել հայկ. ցեղերը։ Բրոնզի դարաշրջանում (մ. թ. ա. III-II հազարամյակ) մշակել են անագի հանքեր: