Էջ:Armenia Encyclopedia.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացման ուղղությամբ։ Մշակվել և հաստատվել են ոլորտը կանոնակարգող ՀՀ Կառավարության 27 որոշում, սան. կանոններ ու նորմեր (78), հիգիենիկ նորմատիվներ, մեթոդ․ ուղեցույցներ, բազմաթիվ համատեղ հրամաններ։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ միլիոնավոր մարդիկ տարեկան հիվանդանում կամ մահանում են զանազան հիվանդություններից։ Աշխարհում համաճարակային իրավիճակի լարվածությանը նպաստում են նաև սպառնացող կենսաահաբեկչությունը և արտակարգ իրավիճակները, բնական աղետները և այլն։ Այս համատեքստում Առողջապահ-յան համաշխ. ասամբլեան 2005-ին ընդունել է Միջազգային առողջապահ․ (բժշկասան.) կանոնները։ ՀՀ-ն ԱՀԿ անդամ երկիր է, որտեղ միջազգային առողջապահ․ կանոնները ուժի մեջ են մտել 2007-ից։ Մշակվել և ընդունվել են մի շարք ռազմավար․ և նպատակային ծրագրեր, շուրջ 40 իրավ․ ակտեր և մեթոդական փաստաթղթեր, կանոնակարգվել է շահագրգիռ մարմինների փոխգործակցությունը, տեղեկությունների հաղորդումը ԱՀԿ։ Մշակվել է տեղեկատվության ազգ. ռեգիստր, ձևավորվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք բոլորն էլ կոչված են մեր երկիրն առավել ապահովված պահելու վարակիչ, քիմիական և ճառագայթային գործոններով հարուցված դեպքերից։

Շարունակաբար աշխատանքներ են իրականացվել «ՀՀ-ում տեղական մալարիայի վերացման 2006-2010-ի նպատակային ծրագրի», «ՀՀ-ում կարմրուկի և կարմրախտի վերացման, խոզուկի վերահսկման և բնածին կարմրախտային համախտանիշի (ԲԿՀ) կանխարգելման ազգային ծրագրի» (2007), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2007-2011 ազգային ծրագրի», «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015-ի ազգային ծրագրի», «Մորից մանկանը հեպատիտ Բ վարակի փոխանցման կանխարգելման ծրագրի» (2010), «2010-2015-ի իմունականխարգելման ազգային ծրագրի», «ՀՀ մալարիայի արմատավորումը կանխարգելելու 2011-2015-ի պետական ծրագրի» շրջանակներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի» (2010), ինչպես նաև հոգեկան, ուռուցքային և ոչ վարակիչ այլ հիվանդությունների վերաբերյալ ծրագրերի իրականացմանը։

Վարակիչ հիվանդություններ

ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների հաջող իրականացման արդյունքում համաճարակային իրավիճակը բարենպաստ է։

Հանրապետությունում չեն արձանագրվում խոլերա, ռիկետսիոզներ (բծավոր տիֆ և Բրիլլի հիվանդություն), պոլիոմիելիտ, դիֆթերիա, կարմրուկ, կարմրախտ, բնածին կարմրախտային համախտանիշ, փայտացում, նորածնային փայտացում հիվանդությունները, իսկ կապույտ հազը և խոզուկն արձանագրվում են որպես եզակի դեպք։ Մինչև 2007-ը ՀՀ-ում արձանագրվել են կարմրուկի բռնկումներ՝ պայմանավորված հիվանդության բնական պարբերականությամբ։

2007-ի կարմրուկի և կարմրախտի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների իրականացման և հետագայում կարմրուկի-կարմրախտի-խոզուկի դեմ համակցված զանգվածային պատվաստումների շնորհիվ հանրապետությունում չեն արձանագրվել այդ հիվանդությունների դեպքեր։ Կանխարգելիչ պատվաստումների նպատակային և հետևողական իրականացման հետևանքով 1995-ից հանրապետությունում պոլիոմելիտի դեպք չի արձանագրվել։ 2002-ին ՀՀ-ն, ի թիվս եվրոպ. երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր։ 1994-95-ին՝ 320 արձանագրված դիֆթերիայի բռնկումից հետո հանրապետությունում իրավիճակը կայունացել է, 2001 և 2009-ին արձանագրվել է 1-ական դեպք (հանրապետության հետ սոցիալ-տնտեսական կապ ունեցող, ինչպես նաև հարևան երկրներում դեռևս արձանագրվում են դիֆթերիայի հիվանդացման բազմաթիվ դեպքեր՝ նույնիսկ բռնկումների ձևով։

Պատվաստումների ազգային օրացույցում լյարդաբորբ Բ պատվաստանյութի ներդրումից հետո լյարդաբորբ Բ-ի հիվանդացությունը զգալիորեն նվազման միտում ունի։

2009-10-ին գրիպի համավարակի դիմակայման նպատակով առողջապահ-յան նախարարության վարած ճիշտ քաղաքականությունը հնարավորություն է ընձեռել առանց պատվաստումների և այլ դեղագործ․ միջամտությունների կանխել համաճարակի հետագա տարածումը։

Վերջին տարիներին գրանցվել են զգալի ձեռքբերումներ մալարիայի կանխարգելման ոլորտում։

Հիվանդության դեմ բազմոլորտ և համակարգված հետևողական պայքարի արդյունքում 2006-ից երկրում մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել։ ՀՀ-ն եվրոպ. տարածաշրջանի առաջին երկրներից է, որին հաջողվել է երկրռւմ վերացնել հիվանդությունը։ 2010-11-ի ընթացքում ԱՀԿ-ի և անկախ փորձագետները գնահատել են երկրում իրականացված աշխատանքը, հանրապետությունը 2011-ին վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք։ Վկայագրումը, բացի հանրային առողջապահպանական չարիք համարվող այս հիվանդությունից ձերբազատման հավաստագիր լինելուց, զգալիորեն կբարձրացնի ՀՀ-ի միջազգային հեղինակությունը, ինչպես նաև նոր խթան կդառնա մեր երկրում զբոսաշրջության հետագա զարգացման համար։ 2011-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-15-ի պետական ծրագիրը», որը կանոնակարգում