Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հաշվետվական փաստաթղթերի օգտագործման և վիճակագրական տվյալների մուտքագրման մեթոդաբանությունը»՝ վիճակագիրների և այլ մասնագետների համար, պատրաստվել է Երեխաների, դեռահասների ու մեծահասակների շրջանում առավել տարածված 300 հիվանդությունների տարածվածության քարտեզագիրքը և այլն։ 2008-ից յուրաքանչյուր տարի հայերեն և անգլ. պատրաստվում և հրապարակվում է «Առողջապահական համակարգի գործունեության գնահատում» ազգային զեկույցը։

Հրատարակվում են նաև առողջապահ․ լրատվ. հանդեսներ, որոնք ներկայացնում են հանրապետության առողջապահ․ համակարգի գործունեությունը, զարգացման հեռանկարը, բարեփոխումների ծրագրերը, բժշկագիտական նորությունները, ոլորտի միջազգ. նորույթներն ու նվաճումները։ Դրանցից են ՀՀ ԱՆ «Առողջապահության լրատու» շաբաթական պաշտոնաթերթը (1998-ից, խմբ. ու հրատարակիչ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ), «ՀԱՆ էլեկտրոնային լրաթերթը» («АЕСР Electronic Bulletin», USAID, www.eyecareproject-armenia.com/electronic-bulletins.html), «Բուժքույրական լրատու», «Ապագա բժիշկ», «Առողջապահություն», «Գիտա-բժշկական հանդես», մեկ տասնյակից ավելի ռուս․ առողջապահ․ լրատվ. հանդեսներ։

Առողջապահության ֆինանսավորումը

«1996-2000-ի ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրին» համապատասխան՝ հանրապետության տարածքում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվել են ապակենտրոնացված ձևով՝ 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ-ի կողմից՝ իրենց ենթակայության բուժհաստատությունների մասով։

1997-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական առողջապահ․ գործակալություն (ՊԱԳ)՝ մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներով, որոնք տեղերում իրականացնում են հիվանդների շահերը պաշտպանելու և ՀՀ պետական բյուջեով փոխհատուցվող բժշկ. ծառայությունների գնումների գործառնություն։ Ապագայում ՊԱԳ-ի վրա է դրվելու նաև պարտադիր բժշկ. ապահովագրության (ՊԲԱ) իրականացումը։

Առողջապահ-յան համակարգի ֆինանսավորման հիմքում դրված միավորը՝ հիվանդանոցային մահճակալ/օրվա գինը, 1997-ից փոխարինվել է բուժված հիվանդի համար ծախսված գումարի արժեքով, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկ. օղակում՝ հաճախումների գինը ըստ շնչի՝ տարվա համար տրամադրվող գումարով։ 1990-ի առողջապահ-յան պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, որը, սակայն, հետագա տարիներին նվազել է։ 1998-2011-ին առավելագույն ցուցանիշը կազմել է մոտ 1,7 % (2011)։ Առողջապահ-յան բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանս․ պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմն․ մասը գրեթե չունի սոցիալ. պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։

2006-ից ՀՀ բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկ. բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ․ բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմն․ ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է ՀՀ Կառավարությունը։

2009-ին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավունքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։

2010-11-ին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարար․ եղանակով բժշկ. ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատես. գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանս․ միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ Կառավարության քննարկումների ժամանակ փորձարար․ ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ 2011-ից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգ․ բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոն․ վճարումների նվազեցմանը։

Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ 2010-ին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։

Թամարա Տոնոյան