Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական ֆուտբոլը մեծ նվաճումներ է ունեցել 1970-ական թթ-ին. 1971-ին ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Արարատը» առաջին անգամ դարձել է արծաթե մրցանակակիր, իսկ 1973-ին (մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյան)՝ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ 1975-ին «Արարատի» ֆուտբոլիստները 2-րդ անգամ նվաճել են ԽՍՀՄ գավաթը։

ԽՍՀՄ առաջնություններում հանդես են եկել նաև «Շիրակ», «Լոռի», «Կոտայք», «Նաիրի», «Արաքս» և այլ թիմեր։

Հայ ֆուտբոլիստներից ԽՍՀՄ հավաքականում հանդես են եկել 15-ը (1-ինը՝ Լևոն Իշտոյանը)։ Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 8 գնդակ, իսկ Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը (երկուսն էլ՝ 1976) և Խորեն Հովհաննիսյանը (1980) դարձել են օլիմպ․ խաղերի բրոնզե մեդալակիրներ։

1992-ին հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին անդամագրվել է ՖԻՖԱ-ին, 1993-ին՝ ՈՒԵՖԱ-ին։ 1992-ից անցկացվում են ՀՀ առաջնությունը և «Անկախության» գավաթի խաղարկությունը։ Վերջին շրջանում առաջատարներից են «Միկա», «Բանանց», «Փյունիկ» թիմերը։

1992-ին ստեղծվել է ֆուտբոլի ազգային հավաքականը, որը մասնակցում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի մրցաշարերին։ Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրափուլի խաղերում իր ենթախմբում (6 թիմ) զբաղեցրել է 3-րդ տեղը։

1994-ից Հայաստանի ակումբային թիմերը մասնակցում են Եվրոպայի գավաթների խաղարկություններին։

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հաջողությամբ հանդես են եկել աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոններ հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաևֆը և Ալեն Պողոսյանը։ Հայ ֆուտբոլիստներ են ընդգրկված նաև տարբեր երկրների ակումբային թիմերում։

Ծանրամարտը Հայաստանում սկզբնավորվել է 1920-ական թթ-ի կեսից։ 1927-ին կազմակերպվել է ծանրամարտի խմբակ, 1928-ին՝ հանրապետական ֆեդերացիան, և անցկացվել է ՀԽՍՀ անդրանիկ առաջնությունը։ Հայ ծանրորդները 1928-ին մասնակցել են նաև Այսրկովկասի և ԽՍՀՄ ժողովուրդների I սպարտակիադային, տարբեր տարիների դարձել են օլիմպ․ խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոններ, զանազան մրցումների հաղթողներ ու ռեկորդակիրներ։ Սպորտի վաստ. վարպետ Յ. Վարդանյանը դարձել է օլիմպ․ խաղերի (1980), աշխարհի (1977-81, 1983, 1985), ԽՍՀՄ (1977, 1979, 1981) չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր (1976)։ Սահմանել է 43 ռեկորդ, նվաճել 113 ոսկե մեդալ, աշխարհում առաջինը երկամարտի ցուցանիշը միջին քաշում հասցրել է 400 կգ-ի։

Հաջողությամբ են հանդես եկել Եվրոպայի չեմպիոն (1976, 1978) Իսրայել Միլիտոսյանը, աշխարհի (1982, 1983) և Եվրոպայի (1982, 1983) չեմպիոն Յուրի Սարգսյանը, Եվրոպայի չեմպիոն (1993), աշխարհի մրցանակակիր (1994, 1995) Խաչատուր Քյափանակցյանը, Եվրոպայի չեմպիոն (1999, 2000) Աշոտ Դանիելյանը, աշխարհի չեմպիոն (2010) Տիգրան Մարտիրոսյանը, ծանրորդուհիներ՝ Եվրոպայի չեմպիոն (2007, 2008) Մելինե Դալուզյանը, Եվրոպայի չեմպիոն (2007) և XXX օլիմպ․ խաղերի (2012) մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, Եվրոպայի (2008) և աշխարհի (2009) չեմպիոն Նազիկ Ավդալյանը և ուրիշներ։

Բռնցքամարտի պաշտոն․ մրցումներ հանրապետությունում անցկացվել են 1929-ից, անհատ․ անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1930-ին, անհատ-թիմայինը՝ 1933-ին։ Հայ բռնցքամարտիկներից միութ․ և միջազգային մրցաշարերում հաջողությունների են հասել սպորտի վաստ. վարպետ, օլիմպ․ խաղերի (1956), աշխարհի (1956), Եվրոպայի (1953, 1957, 1959), ԽՍՀՄ (1955, 1956, 1958) չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, Եվրոպայի չեմպիոն (1979) Ալբերտ Նիկոլյանը, Եվրոպայի չեմպիոն (1985) և աշխարհի գավաթի խաղարկության (1985) հաղթող Իսրայել Հակոբկոխյանը, Բարի կամքի խաղերի (1986) և Եվրոպայի (1987) չեմպիոն Մեխակ Ղազարյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը (Հայաստան), Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը, Սյուզի Կենտիկյանը (երեքն էլ՝ Գերմանիա) և ուրիշներ։

Ըմբշամարտի առաջին խմբակը ՀԽՍՀ-ում ստեղծվել է 1929-ին, հանրապետական ֆեդերացիան՝ 1949-ին։ Հունահռոմ. և ազատ ոճերի հայ ըմբիշներից առավել հաջողության են հասել աշխարհի