նաև «Գորանի» ազգագր., «Հայկական զարդանախշեր» ժողովրդական պարերի, «Տալվորիկ» վոկալ-գործիքային, հարվածային գործիքների անսամբլները, ժողգործիքների 7-ամյա երաժշտ. դպրոցը, ժամանակակից պարերի խումբը, «Մետրո» երիտասարդ․ թատրոնը, «Փոքր թատրոնը»՝ դրամատիկ․ և տիկնիկային թատերախմբերով, թատեր. դիզայնի ստուդիայով։ Գեղագիտական ազգային կենտրոնը լույս է ընծայում նաև պատկերազարդ մանկ․ գրքեր (հայերեն և այլ լեզուներով)։
Կենտրոնը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում, Մեղրիում։
Կարևոր է նաև Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դերը, որի պարարվ-ի, ձեռարվ-ի, երաժշտ., թատեր., նկարչական 56 խմբակներում ընդգրկված են շուրջ 700 դպրոցականներ, գործում են «Կռունկ» ազգային, «Երևան», «Մատադոր» ժամանակակից պարերի և այլ ստուդիաներ։
2011-ին «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում բացվել է աշխարհում նախադեպը չունեցող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը նորարար․ բաց ստուդիա է (անվճար)՝ հագեցած առաջատար թվային տեխնոլոգիայով։ Կենտրոնն իրականացնում է արտադպրոց. կրթական ծրագրեր, որոնք նպաստում են 12-18 տարեկան երեխաների ստեղծագործ․ առաջընթացին և տեղեկատվ. տեխնոլոգիաների բնագավառում հմտանալուն։
«Թումոյում» ներառված են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա ուսումնական ոլորտները։ Կենտրոնում երեխաները սովորում են համակարգչային զանազան ծրագրեր, ինչպես նաև ձեռք են բերում տեխ. (համակարգչային գրաֆիկա, եռաչափ մոդելավորում, համակարգչային ծրագրավորում) հմտություններ, մասնակցում երաժշտ., նկարչ., ստեղծագործ, խմբակների։
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
Հայաստանում հնուց ի վեր արհեստներ են սովորեցրել դպրոցների արհեստագիտական բաժիններում և արհեստանոցներում։ XIX դ-ի 2-րդ կեսին հայ առաջավոր մանկավարժներ և մտավորականներ Ղազարոս Աղայանը, Գրիգոր Արծրունին, Ռափայել Պատկանյանը, Սերովբե Վիչենյանը և ուրիշներ հանդես են եկել արհեստագիտական դպրոցներ ստեղծելու առաջարկով։ Երկրագործ․ վարժարան հիմնելու առաջին փորձն արել է Ս. Վիչենյանը։ Նրա դպրոցում (1853-55) ուսումնասիրել են այգեգործություն, անասնաբուծություն, մետաքսագործություն, շերամապահություն։ 1870-ին Վանում երկրագործ. ուսումնարան է բացել Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Մ Վանեցի կաթողիկոս)։ 1870-ին Թիֆլիսում հիմնադրվել է Միքայելյան արհեստավոր․ ուսումնարանը։ Հետագայում նմանատիպ դպրոցներ են բացվել Նոր Նախիջևանում (1879), Կարինում (1883), Կ. Պոլսում (1886) և այլուր։
1921-ին ՀԽՍՀ լուսժողկոմատի կազմում ստեղծվել է պրոֆտեխկրթության վարչություն։ 1920-ական թթ-ի սկզբին բացվել են ֆաբրիկագործարանային աշակերտության առաջին դպրոցները, 1925-ին Երևանում՝ տրակտորիստների պատրաստման առաջին դասընթացները։ 1940-ին ՀԽՍՀ-ում սահմանվել են 3 տիպի պրոֆտեխ. ուսումնական հաստատություններ՝ արհեստագործ., երկթղ. ուսումնարաններ և ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցներ։ 1958-59-ին բոլոր տիպերի պրոֆտեխ. ուսումնական հաստատությունները վերակառուցվել են քաղաքային ու գյուղ․ ուսումնարանների և հանձնվել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պրոֆտեխկրթության վարչությանը (1973-91-ին՝