Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖԻԶԻԿԱ ԵՎ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

XVII դ-ի բնագիտական հեղափոխության արդյունքում ձևավորված ֆիզիկան բավական արագ արձագանք է գտել նաև հայ իրականության մեջ։ Այդ մասին է վկայում 1749-ին Վենետիկում լույս տեսած Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքի «Աստղալից երկինք» ներդիր-քարտեզի հարուստ բովանդակութունը։ Մխիթարյան միաբանությունում (Սբ Ղազար կղզի) տեղակայված 17 սմ տրամագծով աստղադիտակով կատարած դիտումների ու հետազոտությունների (Խորեն Սինանյան և ուրիշներ) արդյունքները և բնագիտական այլ նյութեր 1843-ից հրապարակվել են «Բազմավեպ» հանդեսի էջերում։ 1836-ին Վենետիկում հիմնադրված Մուրատ-Ռափայելյան վարժարանում Մանուել Քաջունու ջանքերով ստեղծվել է ֆիզիկայի լաբորատորիա, կազմվել են դասագրքեր, հրատարակվել է նրա տես. և փորձարար. ֆիզիկայի (բնաբանություն) եռահատոր դասընթացը։ 1920-ական թթ-ի վերջին այդ ամսագրում տպագրվել են նաև Ալբերտ Էյնշտեյնի հոդվածներից երկուսը՝ հեղինակի համաձայնությամբ։

Հայաստանում ֆիզիկայի հետագա զարգացմանը նպաստել է ԵՊՀ-ի հիմնադրումը, որտեղ ստեղծվել է տեխ. ֆակուլտետ, և ուսուցանվել են ֆիզմաթ․ ու տեխ. առարկաներ։ Առաջին դասախոսներից էին Ռուսաստանի և Եվրոպայի համալսարանների շրջանավարտներ Ալեքսանդր Հակոբյանը, Հարություն Անժուրը, Հովհաննես Նավակատիկյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Արշակ Տոնյանը և ուրիշներ։ Մանկավարժ․ աշխատանքին զուգընթաց կատարվել են նաև գիտական հետազոտությունների առաջին փորձերը։ 1925-ից, շուրջ մեկ տարի, ԵՊՀ-ում աշխատել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը, որն անգլիացի Ջոն Բերդից 3 տարի առաջ ստեղծել էր գունավոր հեռուստատեսության օպտիկամեխանիկական յուրօրինակ համակարգ։

ՀԽՍՀ-ում ֆիզիկայի զարգացմանը նոր թափ է հաղորդել ֆիզմաթ ֆակ-ների հիմնադրումը ԵՊՀ-ում (1933) և Մանկավարժ. ինստ-ում (1934)։ Կապեր են հաստատվել ԽՍՀՄ գիտական կենտրոնների հետ, պատրաստվել են սեփական գիտամանկավարժ. կադրեր՝ Հովհաննես Աթոյան, Արշալույս Դադայան, Նորայր Քոչարյան, Գարեգին Պետրոսյան և ուրիշներ։ գիտական կադրեր պատրաստվել են նաև ԽՍՀՄ խոշոր գիտական կենտրոններում՝ ասպիրանտուրայի միջոցով։

1943-ին ՀԽՍՀ ԳԱ կազմում հիմնադրվել է ֆիզմաթ․ ինստ-ը՝ Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ, որն իր եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի հետ Մոսկվայից տեղափոխվել էր Երևան՝ տիեզ. ճառագայթների (Տճ) ֆիզիկայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար։ Այդ տարիներին ԵՊՀ-ում ստեղծվել է միջուկային ֆիզիկայի ամբիոն (վարիչ՝ Ա. Ալիխանով)։ 1946-ին Ա. Ալիխանյանի նախաձեռնությամբ ֆիզմաթ․ ինստ-ից առանձնացել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ը (հիմնադիր-տնօրեն՝ Ա. Ալիխանյան, 1962-ից՝ ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, 2011-ից՝ Ա. Ալիխանյանի անվան ազգ. գիտական լաբորատորիա-հիմնադրամ)։ 1940-ական թթ-ի վերջին Արագած լեռան լանջին արդեն մշտապես գործում էր ֆիզիկայի ինստ-ի բարձունքային կայանը, որտեղ Տճ-ի բնագավառում կատարված հետազոտությունները ճանաչում են բերել ինստ-ի երիտասարդ կոլեկտիվին։ Տճ-ի ֆիզիկայի հետազոտությունները 1950-ական թթին զգալիորեն խթանել են տես. մտքի զարգացումը հանրապետությունում։ 1951-ին ԵՊՀ ֆիզմաթ․ ֆակ-ում բացվել է տես. ֆիզիկայի ամբիոն։ ԳԱ-ում և ԵՊՀ-ում գիտակազմակերպչական աշխատանքներ են կատարվել ֆիզիկայի մի քանի ուղղությունների՝ պինդ մարմնի ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆիզիկայի զարգացման նպատակով։ 1959-ին ԵՊՀ-ում ստեղծվել է ֆիզիկայի ֆակուլտետ՝ տես. ֆիզիկայի, ընդհանուր ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, ռադիոֆիզիկայի և էլեկտրականության ու նյութի կառույցի (հետագայում՝ պինդ մարմնի ֆիզիկա) ամբիոններով։

1960-ից տարր․ մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկային զուգընթաց