Հայաստանում մեխանիկայի բնագավառում գիտական առաջին հետազոտությունները (1920-30-ական թթ.) կատարել են Հ. Անժուրը (Չեբոտարյան), Ա. Հակոբյանը, Ա. Տեր-Մկրտչյանը, որոնք զգալի ավանդ ունեն նաև գիտական կադրերի պատրաստման, բուհերում մեխանիկայի ամբիոնների և լաբորատորիաների կազմակերպման աշխատանքներում։
Տեսական մեխանիկայի զարգացած բաժիններից է կայունության տեսությունը։ Այդ ուղղությամբ կատարվել են կառավարելի համակարգերի շարժման կայունության և դինամիկայի հարցերի ուսումնասիրություններ, ստացվել կայունության բավարար պայմաններ (Կ. Աբգարյան)։ Ընդհանրացվել է Լյապունովի երկրորդ մեթոդը՝ ոչ գծային ջերմահաղորդականության խնդիրների լուծումների կայունությունն ուսումնասիրելու համար։ Հետազոտվել են մեխանիկական համակարգերի կայունության և դիտելիության հարցերը, ստացվել են ոչ լրիվ կառավարելի ու դիտելի համակարգերը գիրոսկոպային և դիսիպատիվ ուժերի միջոցով լրիվ կառավարելի կամ լրիվ դիտելի դարձնելու անհրաժեշտ ու բավարար պայմաններ (Մ. Գաբրիելյան)։ Կառուցվել են բացարձակ կոշտ ու առաձգ. հատկություններով բազմօղակ մանիպուլյատորների մաթեմատիկական մոդելներ և ուսումնասիրվել այդ համակարգերը։ Մշակվել են հակադարձ կապով կառավարման կիբեռնետիկ․ սխեմաներ, որոնք ապահովում են մանիպուլյատորի բռնիչի օպտիմալ ու կայուն շարժումները՝ տրված հոլոնոմ և ոչ հոլոնոմ ծրագրերով (Ա. Ղուկասյան)։ Ուսումնասիրվել են ձգողական դաշտում կառավարվող օբյեկտների համար հակամետ և ոչ հակամետ խաղային փոխազդեցությունների մաթեմատիկական մոդելներ՝ իմպուլսային և անընդհատ կառավարումներով։ Առաջարկվել է ալգորիթմ՝ հասանելիության տիրույթի եզրագծի կառուցման համար (Վ. Բարսեղյան)։ Լրիվ և ոչ լրիվ ինֆորմացիայի պայմաններում, մեխանիկական համակարգերի օպտիմալ կառավարման տեսության շրջանակներում, ուսումնասիրվել են էլեկտրամեխանիկական մանիպուլյացիոն ռոբոտների օպտիմալ ու ենթաօպտիմալ կառավարումների մշակման հիմնահարցերը՝ ըստ արագագործության, էներգիայի նվազագույն կորստի և վերջն․ վիճակի նվազագույն շեղման (Վ. Ավետիսյան)։
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի ուսումնասիրությունները Հայաստանում սկսվել են 1940-ական թթ-ից և ընդգրկում էին առաձգականության մաթեմատիկական տեսության, թաղանթների ու սալերի, սողքի տեսությունների և շին. մեխանիկայի մի շարք հարցեր (Ա. Նազարով, Թ. Խաչատրյան, Օ. Սապոնջյան, Ն. Հարությունյան, Ս. Համբարձումյան, Բ. Աբրահամյան, Մ. Սիմոնով, Վ․ Փինաջյան, Գ. Տեր-Ստեփանյան, Մ. Մանուկյան)։
1960-80-ական թթ. նշանավորվել են մեխանիկայի նոր գիտական ուղղությունների (մագնիսաառաձգականություն, ջերմաառաձգականություն, տարամոդուլ առաձգականություն, առաձգականության տեսության հպումային և խառը եզրային խնդիրներ, պլաստիկություն, առաձգամածուցիկություն, միացումների ամրություն և բնահողերի մեխանիկա) զարգացմամբ։ Ձևավորվել են մեխանիկայի 2 ինքնուրույն գիտական դպրոցներ՝ Նագուշ Հարությունյանի և Սերգեյ Համբարձումյանի գլխավորությամբ։
Հանրապետությունում մեխանիկայի զարգացման կարևոր փուլերից էր 1971-ին ՀՀ ԳԱ Մեխանիկայի ինստ-ի ստեղծումը։
Ժառանգ․ հատկություններով օժտված ծերացող նյութերից պատրաստված մարմինների սողքի տեսության զարգացման համար հիմք են ծառայել Ն. Հարությունյանի «Սողքի տեսության որոշ հարցեր» (ռուս․, 1952) մենագրության մեջ տեղ գտած դրույթները, որոնք հետագայում հեղինակն էականորեն ընդհանրացրել և զարգացրել է անհամասեռ ժառանգականորեն ծերացող նյութերի համար։ Արդյունքում ստեղծվել են այդպիսի մարմինների գծային և ոչ գծային սողքի տեսությունները և ժամանակի ընթացքում աճող մարմինների մեխանիկայի գիտական ուղղությունը։ Այս տեսությունների հիման վրա Հայաստանում և Ռուսաստանում կատարվել են լայնածավալ գիտական աշխատանքներ՝ սողքի հաշվառումով երկաթբետոնե սյուների, սալերի, ձողերի, հեծանների, պտտման մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրության, ինչպես նաև բարակապատ տարրերից դեֆորմացվող հոծ մարմիններին ուժի փոխանցման խնդիրների լուծման (Ն. Հարությունյան, Բ. Աբրահամյան, Ա. Ալեքսանդրյան, Մ. Մանուկյան, Կ. Չոբանյան, Մ. Զադոյան, Ս. Մխիթարյան, Վ. Հակոբյան, Ս. Միրզոյան, Զ. Դավթյան) վերաբերյալ։
Առաձգականության մաթեմատիկական տեսության բնագավառում կատարված հիմնարար հետազոտություններից կարևոր են պրիզմայաձև ձողերի ոլորման և ծռման ուսումնասիրման արդյունքները, որոնք ընդհանրացվել են Ն. Հարությունյանի և Բ. Աբրահամյանի «Առաձգական մարմինների ոլորում» (ռուս․, 1963) աշխատության մեջ։ Ուշագրավ են Բ. Աբրահամյանի, Ն. Հարությունյանի, Օ. Սապոնջյանի, Մ. Մանուկյանի, Կ. Չոբանյանի, Վ. Սարգսյանի, Ա. Բաբլոյանի, Վ. Տոնոյանի, Ս. Մխիթարյանի, Ա. Մկրտչյանի, Վ. Մակարյանի և ուրիշներ աշխատանքները՝ հարթ և տարած․ կոնտակտային խնդիրների լուծման արդյունավետ մեթոդների մշակման ասպարեզում։ Ստացված արդյունքների զգալի մասն արտացոլվել է Բ. Աբրահամյանի «Առաձգականության տեսության տարածական խնդիրներ» (ռուս․, 1998) մենագրության մեջ։ Ուշագրավ են ստրինգերների և բարակապատ ներդրակների առաձգ. դեֆորմացվող հոծ մարմինների հետ հպումային փոխազդեցության հարցերի վերաբերյալ Ն. Հարությունյանի սկսած ուսումնասիրությունները, որոնք շարունակվել են նրա և Ս. Մխիթարյանի, ապա նաև Է. Գրիգորյանի, Վ. Հակոբյանի,