Էջ:Armenia Encyclopedia.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անկախացումից հետո շարունակվել են սոցիալ-տնտեսական աշխարհագր. հետազոտությունները ԵՊՀ աշխարհագրության (2008-ից՝ աշխարհագրության և երկրաբանության) ֆակ-ի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմաաշխարհագր. ֆակ-ում, ԵՊՏՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում՝ բնական պաշարների նպատակային օգտագործման (Ա. Ավագյան), էներգետիկ․ տնտեսության (Մ. Թորոսյան), կայուն զարգացման (Կ. Դանիելյան, Ս. Սուվարյան), տարաբնակեցման հիմնահարցերի (Մ. Մանասյան, Ա. Պոտոսյան), կյանքի որակի (Ս. Սարիբեկյան), աշխարհագր. կրթության (Գ. Հովհաննիսյան), տարածաշրջանների և պետությունների (Ա. Ավագյան, Յու. Մուրադյան), ՀՀ և Արցախի սոցիալ-տնտեսական աշխարհագրության (Ս. Մելքումյան) և այլ ուղղություններով, հրատարակվել են դպրոց․ ու բուհ․ բազմաթիվ դասագրքեր, կազմակերպվել են գիտաժողովներ։

Քարտեզագրություն

Հայ քարտեզագրությունն անցել է զարգացման երկարատև ուղի։ Հայաստանի տարածքում պահպանվել են հազարամյակներ առաջ պատրաստված որմնանկարային քարտեզագր. պատկերներ։

Ըստ գրավոր հիշատակությունների՝ հայերեն առաջին քարտեզներն ստեղծվել են առաջին ձեռագրերի հետ՝ հիմք ունենալով հուն․ և հռոմ. քարտեզները։

Միջնադարյան Հայաստանում լայն ճանաչում ստացած «Աշխարհացոյցը» եղել է քարտեզների ժող․, որից մեզ հասել է միայն քարտեզները նկարագրող տեքստը։ Մատենադարանում պահպանվող XIII-XIV դդ-ի շրջանաձև ձեռագիր քարտեզը կազմված է միջնադարում տարածված եկեղեց. քարտեզների հիմքի վրա։ Այն պատկերում է Եվրոպան Չինաստանին կապող առևտր. ճանապարհները և դրանց մերձակա քաղաքները։

Եվրոպ. քարտեզագրության մակարդակով (աշխարհագր. աստիճանացանցով) հայերեն առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցն» է (Ամստերդամ, 1695, Վանանդեցիներ)։ Հայաստանն ու Մերձավոր Արևելքն ընդգրկող քարտեզներ են հրատարակվել Մխիթարյան միաբանության կենտրոններում (Վենետիկ, Վիեննա)։ XIX դ-ի կեսերին կազմվել ու հրատարակվել են նաև մեծածավալ (սեղանի) և փոքրածավալ (գրպանի) աշխարհագր. ատլասներ։ Առավել աչքի է ընկել «Ատլաս Աշխարհացոյց պատկերաց, ըստ արքունի աշխարհագրաց Գաղղիոյ, Անգղիոյ, Գերմանիոյ եւ Ռուսաց» (Վենետիկ, 1849) ատլասը՝ բաղկացած տեքստից (46 մեծադիր էջ) և Փարիզում փորագրված 10 տախտակ-քարտեզներից (յուրաքանչյուրը՝ 2 էջի վրա՝ 60 X 90 սմ)։ Առաջին հայերեն գլոբուսները նույնպես պատրաստել են Մխիթարյանները։ Ա. Այտընյանի հեղինակությամբ կազմվել է «Նոր երկրագունդ» 60 սմ տրամագծով գլոբուսը (Վիեննա, 1850)։

Հետագա տարիներին կազմվել և տպագրվել են նոր ատլասներ, մասնավորապես՝ «Աշխարհացոյց տախտակները»՝ բաղկացած 21 քարտեզից (Վիեննա, 1860), «Համատարած աշխարհագրութիւնը» (12 քարտեզ, Վենետիկ-Փարիզ, 1862), «Դպրոցական աշխարհագրական ատլասը» (Թիֆլիս, 1906)։

Արևելյան Հայաստանում քարտեզագրության զարգացմանը նպաստել են XIX դ-ի կեսերին Այսրկովկասում ռուս․ զինվորականության գեոդեզ. ու քարտեզագր. աշխատանքները։ Դրանց հիմքի վրա կազմվել և հրատարակվել են Այսրկովկասի և Հայաստանի մի շարք տեղագր. ու ակնարկային հայատառ քարտեզներ (Ա. Խուդաբաշյան, Ք. Պատկանով և ուրիշներ)։

Խորհրդային Միությունում քարտեզագր. աշխատանքները կենտրոնացել են հատուկ գերատեսչությունում՝ ԽՍՀՄ Կառավարությանն առընթեր Գեոդեզայի ու քարտեզագրության գլխավոր վարչությունում (ԳՔԳՎ)։

Հայկական ԽՍՀ-ում սկզբնական շրջանում հանրակրթական նպատակներով պատրաստվել են փոքրամասշտաբ քարտեզներ և ատլասներ։ Այդպիսին էր նաև 1928-ին Թիֆլիսում տպագրված Հ. Էլիբեկյանի դպրոց․ հայերեն ատլասը, որը մի քանի անգամ վերահրատարակվել է (1929, 1932, 1934)։ Իրենց բնույթով դպրոցական էին նաև 1930-ական թթ-ի վերջերից մինչև 60-ական թթ-ի սկիզբը լույս տեսած շուրջ մեկ տասնյակ ատլասները, որոնք հիմնականում խորհրդային դպրոց․ ծրագրերի հիման վրա ստեղծված ռուս․ ատլասների հայերեն թարգմանություններ էին։

Քարտեզագր. տեխնիկայի մակարդակով և պարունակած հարուստ տեղեկատվությամբ արժեքավոր են 1932-ին Լենինգրադում (այժմ՝ Ս. Պետերբուրգ) հրատարակված 1։200 000 մասշտաբի «Խորհրդային Հայաստանի քարտեզը» (Խ. Ավդալբեկյան) և 1938-ին Թբիլիսիում հրատարակված 1։300000 մասշտաբի «Հայկական ԽՍՀ ֆիզիկական քարտեզը»։ 1930-ական թթ-ի կեսից ԽՍՀՄ-ում գրաքննության խստացման հետևանքով կրճատվել է քարտեզագր. աշխատանքների ծավալը և փոքրացվել քարտեզների տեղեկատվ. տարողությունը։

1950-ական թթ-ի վերջին ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության նախաձեռնությամբ սկսվել են միութ. հանրապետությունների և մարզերի ու երկրամասերի համալիր տարածաշրջ. աշխարհագր. ատլասների ստեղծման աշխատանքները։ Դրանց հիմքում դրվել են Միջազգային աշխարհագր. միության ազգային ատլասների հանձնաժողովի մշակած տիպային ծրագիրն ու հանձնարարականները։

ՀԽՍՀ համալիր ատլասի մշակման աշխատանքները կենտրոնացվել են ԳԱ-ում, որտեղ այդ նպատակով Երկրաբանության ինստ-ում բացվել է աշխարհագրության