Հայաստանի ֆլորայի և բուսականության համակարգված գիտական ուսումնասիրությունն սկսվել է 1920-ական թթ-ից։ Առաջին ֆլորիստ. և ֆիզիոլոգ․ հետազոտությունները կատարվել են ԵՊՀ-ում՝ Հ. Բեդելյանի և Ն. Տրոիցկու նախաձեռնությամբ։ Սակայն գիտական բուսաբանության զարգացումը պայմանավորված է 1935-ին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի, 1943-ին՝ ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրմամբ, որի համակարգում կազմակերպվել են Բուսաբանության ինստ-ը և Երևանի բուսաբ. այգին։
Առաջին արժեքավոր աշխատանքները ծավալվել են հանրապետության ֆլորայի, բուս․ ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառներում։
Բուսաբ. ուսումնասիրությունների սկիզբը Հայաստանում կապված է բնախույզ Ա. Շելկովնիկովի աշխատությունների հետ. 1920-ական թթ-ին նրա պատրաստած հերբարիումի հիման վրա ստեղծվել է Հայաստանի բնապատմ. թանգարանի հերբարիումը, հետագայում՝ Բուսաբանության ինստ-ը։ Ներկայումս այն ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստ-ի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հերբարիումն է (ավելի քան 500 հազար նմուշ), որը մեծ ճանաչում ունի ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ERE միջազգային ցուցիչով։
ERE հերբարիումային ֆոնդի ուսումնասիրության հիման վրա հրատարակվել են 11-հատորանոց «Հայաստանի ֆլորան», «Երևանի ֆլորան», «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը» (առաջինը՝ 1990, լրամշակված հրտ.՝ 2010), ավարտական փուլում են «Կովկասի ֆլորայի կրիտիկական կոնսպեկտի» քառահատորի և մի շարք այլ մենագրությունների հրատարակումը։ Պատրաստվում են հրատարակության «Հայաստանի ֆլորայի անոթավոր բույսերի որոշիչը», «Հայաստանի ծառերի ու թփերի փոշեհատիկների ատլասը»։
Փոշեհատիկաբանության բնագավառում հետազոտություններն սկսվել են 1945-ին ԵՊՀ-ում (Ա. Թախտաջյան, Ա. Յացենկո-Խմելևսկի, Թ. Ծատուրյան), ապա՝ Բուսաբանության ինստ-ում (Ե. Ավետիսյան, Վ. Աղաբաբյան, Ա. Հայրապետյան)։ Ա. Թախտաջյանը, ընդհանրացնելով կուտակված տվյալները, ներկայացրել է ծածկասերմ բույսերի փոշեհատիկների հիմն․ տիպերը և դրանց էվոլյուցիոն զարգացման ուղիները։ Բուսաբանության ինստ-ի փոշեհատիկաբանության կենտրոնում ստեղծվել է փոշեհատիկների պատրաստուկների հարուստ հավաքածու (պալինոտեկա), որն ընդգրկում է ավելի քան 14 հազար նմուշ։ Փոշեհատիկաբանության հիմն․ ուղղություններն են ծածկասերմ բույսերի փոշեհատիկների ձևաբանությունը, փոշեհատիկաբանությունը, ինչպես նաև էվոլյուցիոն փոշեհատիկաբանությունը։
Բույսերի անատոմիայի բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարել է Հ. Բեդելյանը, ապա՝ Ա. Թախտաջյանը և Ա. Յացենկո-Խմելևսկին, որոնց հետազոտություններով Հայաստանում դրվել է բնափայտի անատոմ. ուսումնասիրությունների հիմքը։ Ա. Յացենկո-Խմելևսկին հրատարակել է «Կովկասի բնափայտերը» (ռուս․) երկհատորը։
Ա. Թախտաջյանի և Ա. Յացենկո-Խմելևսկու ստեղծած բուսանատոմների հայկական դպրոցի ներկայացուցիչներ Վ. Փալանջյանը, Բ. Տեր-Աբրահամյանը, Ն. Մելիքյանը, Մ. Գզիրյանը շարունակել են շրջակա միջավայրի գործոնների հետ բնափայտի կառուցվածքային փոխազդեցության, Վ. Ավետիսյանը, Է. Գաբրիելյանը, Ա. Մելիքյանը, Ն. Խանջյանը, Լ. Մուրադյանը, Կ. Թամանյանը, Մ. Հովհաննիսյանը, Գ. Օգանեզովան՝ կարգաբանության և ֆիլոգենիայի նպատակներով՝ բույսերի վեգետատիվ ու գեներատիվ օրգանների անատոմ. կառուցվածքների ուսումնասիրությունները։
Համեմատ․ անատոմիայի եղանակի կիրառմամբ ստացված տվյալներն ամփոփել է Գ. Օգանեզովան՝ իր «Շուշանազգիների սերմերի կառուցվածքը և համակարգը» (2008) մենագրության մեջ։ Հայաստանի բուսանատոմների աշխատանքներն ու ստացած տվյալներն ընդգրկվել են «Սերմերի համեմատական անատոմիա» (1985-2010, խմբ.՝ Ա. Թախտաջյան, ռուս․) բազմահատոր տեղեկատու հրատ-յան մեջ։
Բույսերի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան։ Բույսերի ֆիզիոլոգիայի զարգացմանը