Էջ:Armenia Encyclopedia.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լայն տարածվածությունը, ստեղծվել են ուղեցույցներ (Գ. Մանուչարյան)։

Շարունակվում են գիտական աշխատանքները՝ նոր ծագած առողջապահական խնդիրների՝ միելինազրկող (դեմիելինացնող) հիվանդությունների տարածվածության, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների ուսումնասիրության, նյարդաբորելիոզի կամ Լայմի հիվանդության բնական օջախների ու փոխանցման ուղիների պարզաբանման, ինչպես նաև տարածվածության ու ախտորոշման եղանակների հետազոտության, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների խմբին դասվող բազմաթիվ համախտանիշների ուսումասիրության վերաբերյալ։

Արդի հայկական նյարդաբանությունն ինտեգրված է համապատասխան միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, հայ գիտնական-նյարդաբաններն իրենց ուսումնասիրության արդյունքները տպագրում են աշխարհում հայտնի մասնագիտական ամսագրերում։

Հովհաննես Մանվելյան


Նյարդավիրաբուժություն

Հայաստանում նյարդավիրաբուժ. առաջին օգնությունը կազմակերպել են Հ. Քեչեկը, Հ. Միրզա-Ավագյանը, Գ. Մելքոնյանը, Ս. Շարիմանյանը Հայրեն, մեծ պատերազմի (1941-45) տարիներին, իսկ նյարդավիրաբուժ. ծառայությունն սկզբնավորվել է 1942-ին, երբ Երևանում ստեղծվել է նյարդավիրաբուժ. հոսպիտալ՝ 3 բաժանմունքով (վարիչներ՝ Ս. Զոհրաբյան, Հ. Չիլինգարյան, Տ. Չզմաչյան)։ 3 տարվա ընթացքում հոսպիտալում վիրահատվել է գլխի, ողնաշարի և ծայրամասային նյարդերի վնասումներով 3700 հիվանդ։ 1950-ին Մոսկվայում հրատարակվել է Ս. Զոհրաբյանի «Կաուզալգիա, պաթոգենեզ, կլինիկա, բուժում» (ռուս․) մենագրությունը։

Հայաստանում գիտական նյարդաբանության հիմնադիր Ս. Զոհրաբյանի նախաձեռնությամբ 1946-ին ստեղծվել է առաջին քաղաքաց. նյարդավիրաբուժ. բաժանմունքը, 1950-ին 2-րդ քաղաքային հիվանդանոցի համակարգում՝ 2-րդ նյարդավիրաբուժ. բաժանմունքը (ղեկ.՝ Ս. Հովհաննիսյան)։

Առաջին նյարդավիրաբուժության ամբիոնը (վարիչ՝ Ս. Զոհրաբյան) ստեղծվել է 1958-ին ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ)։

Ս. Զոհրաբյանի ղեկավարությամբ ԱԱԻ-ի նյարդավիրաբուժ. բաժանմունքում և ամբիոնում ուսումնասիրվել են նյարդ․ համակարգի վնասվածքները, կլինիկ., ախտաբանաֆիզիոլոգ. առանձնահատկությունները հասուն և մանկ․ տարիքում, մշակվել են գլխուղեղի վնասվածքների դասակարգման սխեմա, բուժիչ, ախտորոշիչ հանձնարարականներ, ուսումնասիրվել են գանգի արատների և գլխուղեղի թաղանթների սպիների, գանգի թափանցող հրազենային վնասվածքների վերակառուցող․ վիրահատությունների, գլխուղեղի ծանր վնասվածքների և դրանց բարդությունների բուժման նպատակով պրոտեոլիտիկ պատրաստուկների ու կորտիկոստերոիդների կիրառման հարցերը, ծայրամասային նյարդերի ախտահարման դեպքում ցավային համախտանիշի զարգացման մեխանիզմները, հատկապես սիմպաթիկ նյարդ․ համակարգի դերը կաուզալգիայի ախտածնության մեջ։

2-րդ նյարդավիրաբուժ. բաժանմունքում կարևոր աշխատանքներ են կատարվել նյարդ․ համակարգի ուռուցքների և ուռուցքանման ախտահարումների ախտորոշման բնագավառում՝ մասնավորապես տեսող. խաչվածքին կից թրքական թամբի շրջանի, գլխուղեղի հիմքի այլ հատվածների ուռուցքների վիրահատ. բուժման վերաբերյալ (Ս. Հովհաննիսյան)։ Գլիոմաների վիրահատ․ և ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ փորձեր են արվել նաև քիմիաբուժ. միջոցների օգտագործման (տեղային, ներքներակային և ներգոտկային ճանապարհներով) ուղղությամբ։ Լայնորեն կիրառվել են վիրաբուժ. ախտորոշիչ գործողություններ՝ էլեկտրաուղեղագրություն (ԷՈՒԳ), գլխուղեղի անոթագրություն, պնևմաուղեղագրություն, որոշվել է գլխուղեղում արյան տեղային հոսքի վիճակը, կատարվել են ԷՈՒԳ, էխոուղեղագրություն, դոպլերագրություն և գլխուղեղի կաթվածի ու ներգանգային անևրիզմների վիրահատ․ բուժումներ։

Ներկայումս նյարդավիրաբուժ. ծառայությունը հանրապետությունում ապահովում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի հենակետերը՝