Ստոմատոլոգիա
Ստոմատոլոգիայի զարգացումը հանրապետությունում սկսվել է 1920-ական թթ-ից, երբ Ա. Մաշուրի նախաձեռնությամբ հիմնադրվել է կենտրոնական ատամնապրոթեզավորման լաբորատորիան (այժմ՝ № 1 ստոմատոլոգ. պոլիկլինիկա), 1936-ին՝ ատամնաբուժ. դպրոցը։ Մինչև 1946-ը ատամնաբույժներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Երևանի բժշկ. ուսումնարանը, իսկ ստոմատոլոգիա սովորելու համար ուսանող․ խմբեր են գործուղվել Ստավրոպոլի բժշկ. ինստիտուտ։ 1946-56-ին ԵԲԻ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում ստոմատոլոգիա է դասավանդել Ա. Սահակյանը, 1956-ից՝ Գ. Եղիյանը։ 1946-ին Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստ-ում բացվել է դիմածնոտային վիրաբուժության կլինիկա։
Բարձրագույն կրթությամբ ստոմատոլոգներ պատրաստելու համար 1961-ին ԵԲԻ-ում բացվել է ստոմատոլոգ․ ֆակուլտետ, 1963-ին ձևավորվել է ստոմատոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Գ. Եղիյան). բարձրորակ կադրերով այն համալրելու նպատակով 1962-ին Մոսկվա են գործուղել Ի. Պետրոսյանին, Է. Կիլիկյանին, Ա. Մինալյանին, Է. Գևորգյանին։
1963-67-ին սանիտարահիգիենային, մանկաբուժ. և ստոմատոլոգ․ ֆակ-ի դեկան է եղել Կ. Կարապետյանը, հետագայում՝ ստոմատոլոգ․ ֆակ-ի դեկաններ՝ Մ. Գավալովը, Գ. Նիկողոսյանը, Լ. Ֆրանգուլյանը, Մ. Հովհաննիսյանը, Վ. Տատինցյանը, Մ. Բախշինյանը, Ա. Քանքանյանը, Մ. Մարգարյանը, Կ. Բարոյանը, Լ. Եսայանը։ 1968-ին ստոմատոլոգիայի ամբիոնը բաժանվել է 2 ինքնուրույն՝ վիրաբուժ. ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Գ. Եղիյան՝ 1968-82, Խ. Բադալյան՝ 1982-88, Ս. Անանյան՝ 1988-97, Գ. Զայլան՝ 1988, Է. Ավետիսյան՝ 2008-11) և թերապևտիկ ու օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (վարիչ՝ Է. Գևորգյան՝ 1968-78) ամբիոնների։ Վերջինը 1978-79-ին տրոհվել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Է. Կիլիկյան՝ 1978-86, Վ. Մելքումով՝ 1988-90, Վ. Կիրակոսյան՝ 1990-2006, Վ. Բակալյան՝ 2006-10) և թերապևտիկ ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Հ. Արևշատյան՝ 1979-84, Վ. Տատինցյան՝ 1984-2006, Լ. Եսայան՝ 2006-07, Ա. Հարությունյան՝ 2007-10) ամբիոնների։ 1988-ին կազմավորվել է մանկ․ ստոմատոլոգիայի ամբիոն (վարիչներ՝ Ս. Աղաջանյան՝ 1988-93, Վ. Հարությունյան՝ 1993-97, Ս. Անանյան՝ 1997-98, Գ. Զալյան՝ 1998-2000), որը 2000-ին վերակազմավորվել է ստոմատոլոգ․ հիվանդությունների կանխարգելման և մանկ․ ստոմատոլոգիայի ամբիոնի (վարիչներ՝ Մ. Մարգարյան՝ 2000-06, Ա. Փափազյան՝ 2006-10)։
2010-11-ին միավորվել են թերապևտիկ ստոմատոլոգիայի և ընտանեկան ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Ա. Հարությունյան՝ 2010-11, Լ. Եսայան՝ 2011-ից), մանկ. ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի (վարիչներ՝ Ա. Փափազյան՝ 2010-11, Հ. Տեր-Պողոսյան՝ 2011-ից), վիրաբուժ. ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության (վարիչ՝ Է. Ավետիսյան՝ 2011-ից) ամբիոնները։
1987-ին Հանրապետական ստոմատոլոգ․ պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահ-յան համաշխ. կազմակերպության ստոմատոլոգ․ կենտրոնի մասնաճյուղ (1999-ից՝ «Վան» ԲԸ ստոմատոլոգ․ կենտրոն)։
Ստոմատոլոգիայի բնագավառում սկզբն. շրջանում Ա. Մաշուրի ղեկավարությամբ զբաղվել են հանրապետության դպրոց․ տարիքի, այնուհետև Երևանի նախադպրոց․ ու դպրոց․ տարիքի երեխաների բերանի խոռոչի հիվանդությունների հայտնաբերման և բուժման հարցերով։
Լուսաբանվել են օրթոպեդ․ ստոմատոլոգիայի (Է. Կիլիկյան, Է. Գևորգյան), ՀՀ-ում ստոմատոլոգ․ հիվանդությունների համաճարակաբանության հարցերը, պարզվել է ատամների ոսկրափուտի տարածվածության կապը կլիմայաաշխարագր. պայմանների հետ։ Մշակվել և գործնականում լայնորեն կիրառվել է արյունահոսությունը դադարեցնող «Կապրոֆեր» պատրաստուկը։ Բացահայտվել են բերանի խոռոչի և ատամների քիմիական ախտահարումները, մշակվել դրանց կանխարգելման միջոցներ։
Զբաղվել են դիմածնոտային վիրաբուժության հարցերով (Գ. Եղիյան, Խ. Բադալյան). մշակվել են դեմքի բնածին և ձեռքբերովի արատների վերացման և ձևախախտումների շտկման եղանակներ (Գ. Եղիյան, «Վիրաբուժական ստոմատոլոգիա», 1967)։
Ստոմատոլոգայի զարգացումը վերելք է ապրել 1990-ական թթ-ի 2-րդ կեսից՝ ԵՊԲՀ ստոմատոլոգ․ մասնագիտական ամբիոններում կատարվող ԳՀ աշխատանքների շնորհիվ։ Ներդրվել են ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման նորագույն եղանակներ, ստոմատոլոգիայի տարբեր բնագավառներում օգտագործվել է պտղի ոսկրից ստացված նյութ՝ բրեֆոոսկրանյութ (Վ. Տատինցյան, Յու. Պողոսյան, Լ. Եսայան)։ Ուշագրավ են թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով նոր նյութերի և եղանակների ստեղծումն ու կիրառումը. Հարատամնաբորբի տարբեր ձևերի բուժման համար 2002-ին առաջարկվել է «Տոկոֆերին» պատրաստուկը (Հ. Սարգսյան, Է. Գաբրիելյան, Կ. Լալայան)։
Վիրաբուժ. ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում կատարվել են լեզվի հիվանդությունների վիրաբուժ. բուժմանը (Է. Ավետիսյան, Ս. Անանյան), ոսկրային արատների, ծնոտների կոտրվածքների վերականգնմանը, իմպլանտոլոգիայի բնագավառում օգտագործելու համար նոր ոսկրանյութի և մեղրամոմե թաղանթի ստեղծմանն ու կիրառմանը (Յու. Պողոսյան, Ա. Պողոսյան, Հ. Ենոքյան և ուրիշներ) վերաբերող աշխատանքներ։ 2004-ից ՀՀ-ում առաջին անգամ կարևորվել են բերանի խոռոչում pH-ի որոշմանը վերաբերող հետազոտությունները, որոնց արդյունքում ստացված տվյալներով կարելի է ախտորոշել, կանխարգելել և բուժել բերանի խոռոչի հիվանդությունները, որոշել հակամանրէային միջոցների արդյունավետությունը (Լ. Եսայան)։