Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրգռման և տարածման խնդիրներ։ Հետազոտվել են մագնիս. դաշտով և անդրաձայնային ալիքով կիսահաղորդչային գեներատորների ստեղծման հնարավորությունները (Է. Միրզաբեկյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել և ուսումնասիրվել է մմ-ային ալիքների գեներացիան ու հաճախության փոխակերպումը՝ բարձրաստիճան գերհաղորդչային Ջոզեֆսոնյան կառուցվածքներում։ Ստեղծվել է «Արցախ» բժշկ. սարքավորումը՝ ակուպունկտուրային մեթոդներով մմ-ային ալիքների ազդեցությամբ որոշ հիվանդությունների բուժման համար։ Ստեղծվել են անկյան ճշգրիտ փոխակերպիչներ, որոնք օգտագործվել են «Միր» արբանյակային կայանում և ինքնաթիռներում՝ սարքերի տարածային կողմնորոշման համար, ինչպես նաև ռոբոտոտեխնիկայում։ Մշակվել են ավտոմատ համակարգեր՝ փակ տարածքների պահպանման համար։

Ռադիոտեխնիկայի հետագա ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացվել են 1971-ին Պ. Հերունու նախաձեռնությամբ ստեղծված Ռադիոֆիզիկական չափումների համամիութ. ԳՀԻ-ում [2001-ից՝ Ռադիոֆիզիկայի ԳՀԻ ՓԲԸ (ՌԳՀԻ ՓԲԸ)։ Ինստ-ում մշակվել է երկհայելի և բազմահայելի անտենաների տեսությունը, ստեղծվել են անշարժ գլխավոր գնդային հայելիով մեծ ռադիոդիտակների հաշվարկի ու նախագծման մեթոդներ, մեծ անտենաների կառավարման համակարգեր։ Լուծվել են դիֆրակցիոն խնդիրներ՝ զանազան ձևերի անցքերի վրա դաշտի կամայական բաշխման դեպքում։ Ստեղծվել են գլխավոր գնդային հայելիով մմ-ային և ենթամմ-ային տիրույթների առաջին երկհայելի անտենաները, այդ թվում՝ նաև 5 մ տրամագծով գլխավոր հայելիով ռադիոդիտակը (1963), որն աշխարհում ժամանակին խոշորագույնն էր՝ կարճ ալիքների մմ-ային տիրույթում (Պ. Հերունի)։

Ինստ-ում մշակվել են ապարատների ինքնաշխատ համալիրներ (անշարժ ու փոխադրովի)՝ հարթ, գնդային և այլ մակերևույթների վրա բացվածքի գոտում չափումներ կատարելու համար։ Ռադիոտեղորոշման բնագավառում կատարված աշխատանքների համար ինստ-ի մի շարք աշխատակիցներ (Պ. Հերունի և ուրիշներ) արժանացել են ԽՍՀՄ Պետական մրց-ի (1986)։

Ինստ-ին կից ստեղծվել է Անտենային չափումների պետական չափանմուշային կենտրոն, որտեղ գործել են ԳԲՀ տիրույթի անտենային և փուլային չափումների՝ ինստ-ում ստեղծված ԽՍՀՄ 11 պետական չափանմուշներ (աշխարհում՝ առաջինը, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985, Պ. Հերունի և ուրիշներ)։

Ինստ-ի և փորձն․ գործարանի ջանքերով մշակվել ու պետական չափանմուշային կենտրոնում (Արագածոտնի մարգի Օրգով գ-ի մոտ) տեղադրվել էր (1985) գլխավոր հայելու 54 մ և օպտիկ․ հայելու 2,6 մ տրամագծերով հզոր ռադիոօպտիկ. դիտակ։

Ինստ-ում ստեղծվել է նաև առանցքահամաչափ հայելիների և ռեզոնատորների դաշտերի ասիմպտոտային տեսությունը, ստացվել են առնչություններ, որոնցով որոշվում են ճառագայթման գոտիների սահմանները՝ տարածության մեջ անտենայի ճառագայթի արագ տատանման դեպքում, լուծվել են բազմաճառագայթ անտենաների չափման վիճակագր., միա- և բազմահայելի անտենաներում դաշտի բևեռացումային կառուցվածքի որոշման, անտենաների զուգահեռ ապերտուրային սինթեզի, ռադիոհոլոգրաֆիայի, օպտիկ․ հոլոգրաֆիայի և այլ խնդիրներ։

Ռադիոտեխնիկայի բնագավառի աշխատանքներ են կատարվել նաև ԵՖԻ-ում (2011-ից՝ Արտեմ Ալիխանյանի անվան հիմնադրամ)։ Ստեղծվել են էլեկտրոնային օղակաձև արագացուցչի հզոր ռադիոտեխ. համալիրներ (Է. Լազիև)։ Ուրույն տեխ. լուծումներ են ստացվել հզորության գումարման-բաժանման և տատանումների փուլավորման համակարգում (Ա. Ալիխանյան)։

ՖՀԻ-ում մշակվել են կապված ռեզոնատորներով՝ լազերային ճառագայթման ԳԲՀ լայնաշերտ մոդուլարարներ (Ռաֆայել Ղազարյան)։ Միկրոէլեկտրոնիկայի ԳՀ տեխնոլոգ․ ինստ-ում ստեղծվել են ինտեգրալ սխեմաների հարաչափների և կիսահաղորդչային նյութերի բնութագրերի չափման ու վերահսկման ավտոմատացված ապարատների համալիրներ։

ԵՊՃՀ-ի ռադիոտեխնիկայի ֆակ-ում հետազոտվել են ընդունիչների խանգարումակայունությունը բարձրացնող ազդանշանների նշանային մշակումով համակարգեր, խոսքի սինթեզի մեթոդներ, պարբեր. անտենային կառուցվածքների սահմանային պայմաններ։ Պրոբլեմային լաբորատորիաներում մշակվել են լազերային ճառագայթի ԳԲՀ մոդուլումով լուսահեռաչափներ և լազերային ռադիոհեռաչափներ (Ռ. Մովսիսյան և ուրիշներ)։

Կատարվել են դաշտի տեսությանը և էլեկտրադինամիկային վերաբերող աշխատանքներ (Ա. Իոսիֆյան և ուրիշներ)։