որպես ինքնուրույն բաժին քննել շարահյուսությունը։ Այս փուլի քերականների ամենակարևոր նվաճումներից է այն, որ նրանք, բացի գրաբարից, նկարագրել են նաև աշխարհաբարի արևելահայ (Յու. Շրյոդեր) և արևմտահայ (Մխիթար Սեբաստացի) տարբերակները։
3-րդ փուլն սկսվում է Միքայել Չամչյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի» (1779) աշխատությամբ, որտեղ վերջն. հարված է հասցվել լատինաբանությանը, քերակ-ն ազատվել է արհեստ․ նորամուծություններից, և նպատակ է դրվել գրաբարի կանոնները սահմանել հին տեքստերի անկողմնակալ ուսումնասիրության հիման վրա։
Բառարանագրության զարգացումը ժամանակագրորեն հետ է մնացել քերակ-յան զարգացումից։ V դ-ում չեն եղել բառարաններ ու բառացանկեր, թեև տարածված են եղել այլալեզու բառերի թարգմանությունների ու մեկնությունների մասին աշխատությունները։ VI-VII դդ-ից կազմվել են զանազան բառացանկեր, ապա՝ բառարանային տիպի աշխատություններ՝ սկզբնապես՝ ոչ այբբեն., ապա՝ այբբեն․ դասավորությամբ։ Սկսվելով առանձին հեղինակների բառերի բացատրությունից՝ աստիճանաբար ընդհանուր բնույթ են ստացել բացատր. բառարանները։ Երևան են եկել նաև թարգման., հոմանիշների, մասնագիտական բառարաններ։
XVII-XVIII դդ-ում լայնորեն տարածվել են լատ-ին առնչվող թարգման․ բառարանները (Ֆ. Ռիվոլա, Աստվածատուր Ներսեսովիչ, Յակոբ Վիլլոտ)։ XVIII դ-ի վերջերին տպագրվել են ռուս․ բառարաններ (Գրիգոր Խալդարյան, Կլեոպատրա Սարաֆյան)։ Բառարաններից հիշարժան են նաև Ոսկան Երևանցու Աստվածաշնչի համաբարբառը, Երեմիա Մեղրեցու բացատր. բառարանը և հատկապես Մխիթար Սեբաստացու ու նրա աշակերտների կազմած «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69) աշխատությունը, որի 1-ին հատորը գրաբարի բացատր. բառարան է, 2-րդը՝ լրացուցիչ նյութերի, այդ թվում՝ Աստվածաշնչի հատուկ անունների, գրաբարաշխարհաբար և աշխարհաբար-գրաբար բառերի։
Բացի լեզվի կառուցվածքի և բառապաշարի ուսումնասիրությունից՝ հայ մտածողներին հետաքրքրել են նաև լեզվի և լեզվ. բազմազանության առաջացման, բառերի և իրերի փոխհարաբերության, հասարակ անունների և ընդհանուր հասկացությունների վերաբերյալ հարցեր։ Տեղեկություններ են տրվել հայ բարբառների մասին, և դրանք դասակարգելու փորձեր են արվել։ Հայ-ի բառապաշարի մեջ տարբերել են բնիկ և փոխառյալ շերտեր, իսկ XVIII դ-ում և XIX դ-ի սկզբներին կատարվել են հայ-ի և այլ լեզուների բառային, նույնիսկ քերակ-ների համեմատություններ (Գաբրիել Ավետիքյան, Հ. Տյուզյան, Մխիթար Սեբաստացի)։
Հայ լեզվաբանության զարգացման երկրորդ շրջանն սկսվել է 2 կարևոր իրադարձություններով, մի կողմից՝ եվրոպացի և հայ հետազոտողներն առաջ են քաշել հայ-ի՝ որպես հնդեվրոպ. լեզվի գաղափարը և դրանով իսկ դրել հայ-ի պատմահամեմատ. ուսումնասիրության հիմքերը. լեզվաբանության մեջ արմատավորվել է հայ-ի՝ որպես իրան․ լեզվի տեսակետը (Ռիխարդ Գոշե, Ֆրանց Բոպպ, Ֆրիդրիխ Մյուլլեր, Պոլ դը Լագարդ, Քերովբե Պատկանյան), մյուս կողմից՝ Խաչատուր Աբովյանն սկզբնավորել է աշխարհաբարը տիրապետող գրական լեզու դարձնելու և գրաբարն արտամղելու պայքարը, որը հայտնի է «գրապայքար» անունով։
Արևելահայերի մեջ գրապայքարի առաջամարտիկը Խ. Աբովյանն է, որին հաջորդել են Ստեփանոս Նազարյանը և Միքայել Նալբանդյանը. նրանք առաջադրել են ժողովրդի համար հասկանալի լեզվի անհրաժեշտության հարցը և հիմնավորել տարբեր հայեցակետերից։ Եթե Ս. Նազարյանը գերագնահատել է գրաբարի դերը նոր գրական լեզվի մշակման մեջ, ապա Մ. Նալբանդյանը ներկայացրել է նոր գրական լեզվի ինքնուրույն մշակման գաղափարը՝ գրաբարին, բարբառներին և շրջակա լեզուներին տեղ տալով այն չափով, որքանով թելադրում են նոր լեզվի շահերը։
Արևմտահայերի գրապայքարի մեջ էական նշանակություն է ունեցել Արսեն Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզուի» (1866) աշխատությունը, որի ընդարձակ ներածությունում հեղինակը ներկայացրել է աշխարհաբարի ձևավորման պատմությունը և, որպես գրական լեզու, նրա հաղթանակի անհրաժեշտության տես. հիմնավորումը։ Այդ աշխատությունն