Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին ենթաշրջանում գրական և խոսակց. տարբերակները հիմնականում համընկել են։ Գրական լեզուն ենթարկվել է գիտակցված մշակման, հատկապես կարևոր է հունաբան դպրոցի գործունեությունը, որը մեծ դեր է խաղացել գիտական բառապաշարի զարգացման և բառակազմ․ կաղապարների (հատկապես՝ նախածանցման) հարստացման գործում։

Երկրորդ ենթաշրջանում գրական և խոսակց. տարբերակներն սկսել են միմյանցից հեռանալ, գրական լեզվի մեջ են թափանցել բարբառային և խոսակց. տարրեր։ Քերական․ կառուցվածքում տեղի են ունեցել փոխանցումներ հոլովման և խոնարհման տիպերի միջև, նախադասության կառուցվածքն մոտեցել է խոսակցական լեզվին։ Զգալիորեն հարստացել է բառապաշարը, նոր փոխառություներ են կատարվել արաբ-ից, պարսկ-ից, հուն-ից, ստեղծվել են նորակազմություններ՝ հատկապես գիտական տերմինաբանության մեջ և բանաստեղծ․ խոսքում։

Երրորդ ենթաշրջանում նորմավորված և կանոնավորված քերական․ կառուցվածքին զուգահեռ՝ գրաբարում ավելի նկատելի են դարձել նաև տարաբնույթ շեղումները, որոնք տարածման և լեզվ. կառուցվածքը փոխելու միտումներ են դրսևորել։ Այդ միտումները հանգեցրել են լեզվի համակարգի վերակազմավորմանը և պայմանավորել միջին հայ-ի առաջացումը։

Միջին հայերենի շրջան

XII դ-ից գրաբարին զուգահեռ գրական լեզվի աստիճանի է բարձրացել միջին հայ-ը, որը գրաբարից տարբեր խոսակց. հիմքի վրա առաջացած վերբարբառային իրողություն է։ Այն, լինելով կազմավորման գործընթացում, չի ունեցել լեզվ. ձևերի միասնություն ու կառուցվածքային միատարրություն։ Միջին գրական հայ-ին բնորոշ է քերական․ իմաստների բազմաձևությունը, տարբեր բարբառային ծագում ունեցող ձևերի զուգահեռ գործածությունը, օտար փոխառությունների առատությունը և այլն։ Հաճախ միևնույն գրական երկում նկատելի է 2 լեզվ. համակարգերի՝ գրաբարի և միջին հայ-ի տարրերի փոխներթափանցումը։

Միջին հայ-ն ավանդվել է հարուստ և բազմաժանր աղբյուրներով՝ գեղարվեստական արձակ ու չափածո ստեղծագործություններ, գիտական և պատմագր. երկեր, հիշատակարաններ, պաշտոն․ գրագրություն, վիմ. արձանագրություններ և այլն։ Միաժամանակ, որպես գրական լեզու, շարունակել է գործածվել նաև գրաբարը, որով ստեղծվել են գիտական, փիլ-դավանաբան., պատմագր. երկեր, եկեղեցաարարող. գրականություն, թղթեր և այլն։

Միջին հայ-ի հնչույթային համակարգում երկբարբառների մեծ մասը վերածվել է պարզ ձայնավորների, առաջացել են նոր հնչույթներ՝ ղ և ֆ։

Ձևաբանության մեջ սկսել են գերակշռել կցականությունը և անջատականությունը։ Առաջացել են հոլովման նոր տիպեր (ոջ, վան, ան, եան), ընդլայնվել են ի հոլովման շրջանակները։ Սկսել է կազմավորվել ում վերջավորությամբ ներգոյականը։ Հոգնակին կազմվել է նոր հոգնակերտներով (եան, եր, ներ, նի, վի, ստան, տի և այլն), որոնք գրաբարում սակավ կիրառությամբ հավաքական մասնիկներ էին։ Հոլովների կազմության մեջ սահմանափակվել է նախդիրների դերը։ Խոնարհման համակարգում տեղի է ունեցել ներկա և ապառնի ժամանակների վերակազմավորում (գրաբարի ներկան կիրառվել է ըղձ. ապառնու իմաստով, սահման․ եղանակի ներկան ու անցյալ անկատարը կազմվել են կու եղանակիչով)։ Վերացել է գրաբարյան ստորադաս․ եղանակը, ավելի հստակ արտահայտություն է ստացել սեռի կարգը՝ վ կրավոր․ ածանցի շնորհիվ, կազմավորվել են հարակատար և վաղակատար դերբայները։

Շարահյուս. կառուցվածքում վերացել է որոշիչ-որոշյալի համաձայնությունը, գերակշռել են նախադաս որոշիչները, բայը տեղափոխվել է հիմնականում նախադասության վերջը, առ, ընդ, ըստ, ց նախդիրների փոխարեն գործածվել է ի նախդիրը, զ նախդիրի կիրառությունը սահմանափակվել է միայն հայց․ հոլովով և այլն։

Բառապաշարի մեջ զգալի տեղ են զբաղեցրել նոր փոխառությունները պարսկ-ից, արաբ-ից, թյուրք․ և եվրոպ. լեզուներից։ Խոսակց. լեզվից գրական լեզու են թափանցել նոր բառեր և արտահայտություններ։ Միջին գրական հայ-ը զարգացել է 2 ենթաշրջանով՝ կիլիկյան նորմավորման (XII-XIV դդ.) և աշխարհաբարացման (XV-XVI դդ.)։ Առաջին ենթաշրջանում այն փաստորեն ունեցել է Կիլիկյան թագավորության պետական լեզվի կարգավիճակ, լայն կիրառություն տարբեր ոլորտներում և նորմավորման ու միասնացման հնարավորություններ, իսկ երկրորդում կորցրել է պետական լեզվի կարգավիճակը, արտագաղթի, քաղաքային կյանքի անկման պատճառով թուլացել են միասնացման միտումները, ընդհատվել է նորմավորման գործընթացը, խորացել է բարբառային տարբերակվածությունը։ Քերական. կառուցվածքի տեսակետից երկրորդ ենթաշրջանում որակ․ փոփոխություններ չեն եղել, սակայն աշխուժացել են բարբառային և խոսակց. տարրերը։


Նոր հայերենի շրջան

Նոր հայ-ը կամ աշխարհաբարն սկսել է ձևավորվել XVII դ-ի լեզվ. և սոցիալ-քաղաքական բարդ իրավիճակում։ Թեև լեզուն շարունակել է զարգանալ բարբառային մասնատվածության և նորմավորման պակասի պայմաններում, սակայն առկա են եղել նաև միասնական միտումներ՝ հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի կենտրոնացման, միջնադարյան մեկուսացման հարստահարման, առևտր. կապիտալի ծաղկման, գաղթավայրերում բնակչության