Էջ:Armenia Encyclopedia.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օգտակար հանածոները

Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով։

ՀՀ տարածքում մետաղ, օգտակար հանածոներից հայտնի են պղնձի, մոլիբդենի, ալյումինի հումքի, ոսկու, երկաթի, ցինկի, կապարի, մանգանի, քրոմի, ծարիրի, զառիկի, սնդիկի հանքավայրեր ու երևակումներ, որոնք պարունակում են նաև հազվագյուտ ու ցրված տարրեր։

Մետաղ, օգտակար հանածոների շարքում ամենակարևորը պղնձամոլիբդենային հանքավայրերն են։ Մոլիբդենի համաշխ. ընդհանուր պաշարների 5,1 %-ը և հաստատված պաշարների 7,6 %-ը ՀՀ տարածքում են։ Պղնձի և մոլիբդենի պաշարների մեծ մասը (ավելի քան 90 %-ը՝ 1 մլրդ տ-ից ավելի) կենտրոնացած է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքադաշտում։ Խոշոր է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը (հետախուզված պաշարները՝ 460 մլն տ), որը կշահագործվի մոտ ապագայում։ Պղնձի և մոլիբդենի ավելի փոքր պաշար- ներ կան Ագարակի և Ալավերդու հանքավայրերում, որոնք շահագործվում են XIX դ-ի վերջից։

ՀՀ տարածքը հարուստ է նաև ոսկու և բազմամետաղների պաշարներով։ 2005- ին ոսկու մաքուր պաշարները գնահատվել են շուրջ 268 տ։ Ոսկու խոշորագույն հանքավայրը Սոթքում է՝ մոտ 120 տ։

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում ոսկու պաշարները մոտ 40 տ են, Ամուլսարի ոսկու հանքավայրում՝ 40 տ, Շահումյանի ոսկի-բազմամետաղ. հանքավայրում՝ 40 տ, Մեղրաձորի ոսկու հանքավայրում՝ մոտ 22 տ։ Բազմամետաղների հանքավայրերից առավել նշանավոր են Արմանիսի, Ախ- թալայի, Գլաձորի հանքավայրերը։

ՀՀ տարածքում կան այլումինի հումքի՝ նեֆելինային սիենիտների հանքավայրեր, որոնցից ամենախոշորը Թեժլեռան հանքավայրն է։

Երկաթի հանքավայրերը ՀՀ կենար., հս. և հարավ-արլ. մասերում են։ Աբովյանի (Կապուտան) ապատիտամագնետիտային հանքավայրի հետախուզված պաշարները մոտ 244 մլն տ են (Fe-ի միջին պարունակությունը՝ 28 %), Հրազդանի մագնետիտային հանքավայրինը՝ 50 մլն տ (Fe-ի միջին պարունակությունը՝ 32 %)։ Սվարանցի երկաթի տիտանամագնետիտային հանքավայրը խոշորագույնն է: Այսրկովկասում, որի պաշարները մոտ 800 մլն տ են (Fe-ի միջին պարունակությունը՝ 20 %)։ Կողբի երկաթի հանքավայրի կանխատեսված պաշարները 2 մլն տ են (Fe-ի միջին պարունակությունը՝ 30,5 %)։ ՀՀ տարածքում կան նաև քրոմի (Շորժա), մանգանի (Սարիգյուղ, Սևքար), ծարիրի (Ամասիա), սնդիկի, արսենի ոչ մեծ հան¬ քավայրեր ու երևակումներ։

Հազվագյուտ մետաղներից կան ռենիումի, սելենի, վանադիումի, ինդիումի, գալիումի, կադմիումի, տիտանի, վանադիումի պաշարներ։ Աշխատանքներ են կատարվում ուրանի արդյունաբերական պաշարների հայտնաբերման ուղղությամբ։

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հայտնի են բարիտի, ծծմբահրաքարային (Լոռու, Տավուշի մարգեր), քարաղի (Մերձերևանյան շրջան), ֆոսֆորիտային (Ուրծի լեռնաշղթա), բազալտի, անդեզիտաբազալտի, անդեզիտի (հանրապետության ողջ տարածքում), գրանիտի, գրանոդիորիտի, դունիտի և այլ ներժայթուքային ապարների (Փամբակի, Բազումի լեռնաշղթաներ), հրաբխային խարամի (Շիրակի, Գեղարքունիքի մարգեր), կրաքարի ու տրավերտինների (Լոռու, Սյունիքի, Արարատի մարզեր), մարմարի (Արգական, Արարատ, Խոր վիրապ), պեմզայի (Անիպեմզա), տուֆի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր), օբսիդիանի ու պեռլիտի (Արտենի լ., Հատիս լ., Գութանասար, Սպիտակասար, Գեղասար), բենտոնիտային կավերի (Տավուշի մարգ) հանքավայրերը։

ՀՀ տարածքը հարուստ է նաև քիմիական տարբեր բաղադրության հանք, ջրերով («Ջերմուկ», «Արգնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնց մի մասի բուժիչ հատկությունները հայտնի են նաև արտերկրում։